Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկը համալրվել է իսպանացի «լեգեոներներով»

Հունվար 23,2013 14:28

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կողմնակից չէ նվագախմբի միատարր լինելուն

Իսպանացի երաժիշտները կստեղծագործեն Հայաստանում:

Իսպանացի երաժիշտները կստեղծագործեն Հայաստանում:

Ժամանակակից աշխարհում հին հռոմեական լեգեոներական ավանդույթները վաղուց կիրառվում են սպորտում եւ արվեստում: Եթե Հայաստանն այն արագ ներմուծեց սպորտ, ապա մշակույթում, մասնավորաբար՝ երաժշտարվեստում առաջին նշանները նոր-նոր են ի հայտ գալիս: Նշենք, որ վերջին շրջանում Հայաստան ժամանած հյուրախաղորդ մեծանուն երաժիշտները «Առավոտի» հետ զրույցում առաջինը զարմանքով փաստում էին հայաստանյան նվագախմբերի բացառապես տեղացի երաժիշտներից բաղկացած լինելը:

2012-13թթ. համերգաշրջանի սկզբում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) համերգներին իր մասնակցությունը բերեց իսպանացի գալարափողահար Էնրիկ Կամարասա Սիֆրեսը: Ամանորի տոներից հետո էլ ՀՊՖՆ-ն համալրվել է եւս մեկ իսպանացի երաժշտով՝ ֆլեյտահար Սառա Ուրենա: ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի փոխանցմամբ, եվրոպացի երաժիշտները ստացել են մեկ տարվա կեցության կարգավիճակ եւ նրանց հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Աշխատավարձի չափն էլ ընդհանուր հիմունքներով է, իսկ նրանց օթեւանի հարցն էլ հոգացել է հովանավորը (անունը չնշեց): ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մեր հարցին ի պատասխան՝ թե ի՞նչ անհրաժեշտություն կար հրավիրել եվրոպացի երաժիշտների, այն դեպքում, երբ Երեւանի կոնսերվատորիան ավարտած բարձրակարգ երաժիշտներից շատերն ունեն մշտական աշխատանքի կարիք, դիրիժորը պատասխանեց. «Աշխարհում չկա մի նվագախումբ, որը բաղկացած լինի մեկ ազգի ներկայացուցիչներից: Որոշել եմ Ֆիլհարմոնիկը համալրել 11 լեգեոներ երաժիշտներով: Մեր նվագախմբի 120 երաժիշտներից 109-ը տեղացի են, 11-ը՝ արտերկրից: Նման որոշման եմ եկել եվրոպական տարբեր նվագախմբեր ղեկավարելուց հետո: Զգացել եմ, թե ինչպես, ասենք, մեծամասնություն կազմող գերմանացի երաժիշտների շրջապատում մոտ մեկ տասնյակ արտերկրից հրավիրվածների հետ փորձերը ավելի հետաքրքիր են ընթանում: Չէ՞ որ արդեն միմյանց հետ «խոսում» են տարբեր դպրոցների ներկայացուցիչներ»: Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ ինքն է որոշում, թե նվագախմբի որ օղակն է անհրաժեշտ «ուժեղացնել», հավելելով, որ Սառան ֆլեյտահար է, բայց հիանալի է տիրապետում պիկոլո (փոքր) ֆլեյտային, մանրամասնելով, որ իր համոզմամբ՝ ֆլեյտան եւ պիկոլո ֆլեյտան տարբեր են: Թոփչյանն ասաց նաեւ, որ Էնրիկն արդեն ունի 2 աշակերտ, մանկավարժի դեր է սպասվում նաեւ Սառային. ՀՊՖՆ-ին կից ակադեմիա է հիմնվելու:

Մեզ հետ զրույցում իսպանացի երաժիշտներն ասացին, որ ֆիլհարմոնիկում աշխատելու հրավերը ստացել են հենց Թոփչյանից՝ Իսպանիա կատարած նրա հյուրախաղերի ժամանակ: Երկուսն էլ երաժշտական բարձրագույն կրթությունը ստացել են իրենց հայրենիքում, Էնրիկն աշխատել է ինչպես տեղի, այնպես էլ Գերմանիայի տարբեր նվագախմբերում: Ինչ վերաբերում է Սառային, նա էլ, բացի Իսպանիայի նվագախմբերից, աշխատել Նյու Յորքում եւ Լոնդոնում: Օտարերկրացի այս երիտասարդները հայ կոմպոզիտորներին առանձնապես ծանոթ չեն, բացի Խաչատրյանից, Միրզոյանից ու Լեգրանից: Սառան նշեց, որ քանիցս կատարել է «Սուսերով պարը»՝ փոխադրած ֆլեյտայի համար: Ասաց նաեւ, որ դեռեւս 7 տարեկանում գնելով առաջին CD-ն, ուշադիր կարդացել է ցանկը, որ անպայման տեղ գտած լինի Խաչատրյանի երաժշտությունը: Իսպանացիները խոստովանեցին, որ հիացած են հայ հանդիսատեսով: Սառան նշեց, որ հայերը նման են իսպանացիներին, բայց կարծես բոլորն անխտիր պատրաստ են մեկմեկու օգնության ձեռք մեկնել, ինչը ողջունելի է: Էնրիկից հետաքրքրվեցինք, թե շուրջ կես տարի Երեւանում է. ի՞նչ առաջարկով հանդես կգար՝ հայաստանյան դասական երաժշտական կյանքը էլ ավելի աշխուժացնելու նպատակով: «Կուզեի, որ այստեղ նույնպես գործեր աբոնեմենտային համակարգը, ինչն աշխարհում վաղուց ընդունված է»,- ասաց նա: Կեսկատակ-կեսլուրջ էլ հարցրինք, թե ինչպե՞ս է, որ մերոնք ձգտում են Արեւմուտք, իսկ իրենք եկել են Հայաստան: Մեր զրուցակիցները նախ նշեցին, թե քանի տարի կաշխատեն մեզ մոտ՝ չգիտեն, բայց այն, որ ժամանակը ռացիոնալ կօգտագործեն, որպեսզի ծանոթանան հնագուն քաղաքակրթության օրրան Հայաստանին, անկասկած է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031