Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարող ա ուզում եմ գնամ հանգստանալու»

Հունվար 23,2013 14:13

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հունվարի 21-ի որոշմամբ մի շարք մարզպետներ եւ փոխմարզպետներ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Արարատի մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, նաեւ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանն արձակուրդ են մեկնել՝ մինչեւ փետրվարի 18-ը կամ 25-ը: Նրանցից մի մասը գտնվում է հերթական, մյուսը՝ վճարովի արձակուրդում: Հասկանալի է, որ այս մարդիկ տեղերում լծված են լինելու ընտրական գործընթացներին, մասնավորաբար՝ ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրության կուսակցական սուրբ գործին, ու որպեսզի ավելորդ քննարկումների տեղիք չլինի, պահպանվում է օրենքի պահանջը: Այնուհանդերձ, «Առավոտը» որոշ մարզպետներից հետաքրքրվեց՝ ի՞նչ է պատահել, որ բոլորը միասին արձակուրդի կարիք ունեն: Մեր այդ հարցից Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը շփոթվեց ու միանգամից ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ովքեր եւ ինչի համար են արձակուրդ մեկնել: Հետաքրքրվեցինք՝ իսկ ինքն ինչի՞ համար է արձակուրդ խնդրել: Վերջինս հակադարձեց. «Կարող ա ուզում եմ գնամ հանգստանալու»: Մեր ճշտող հարցին մարզպետը պատասխանեց, որ դեռ չի որոշել, թե որտեղ է հանգիստն անցկացնելու: «Առավոտի» հարցին՝ նախագահական ընտրությունների այս թոհուբոհում, կուսակցության համար այս կարեւորագույն պահին ՀՀԿ-ական մարզպետն իրեն ինչպե՞ս է թույլ տալիս հանգստի մեկնելու, Սահակյանը պատասխանեց. «Մտածում եմ, որ էդ մի 10 օրը որ գնամ՝ չի խանգարի»: Մեր զարմանքին ՀՀԿ-ական մարզպետը հակադարձեց. «Մեր թեկնածուն հաղթող է, ի՞նչ խնդիր կա: Նախագահի անցած ուղին, անցած աշխատանքը ամբողջ հանրությանը հայտնի է: Էսօր էդպիսի խնդիր կա՞,  ինչ-որ մրցակցություն կա՞, բան կա՞: Որպես մարդ, որպես ՀՀ քաղաքացի՝ դուք տեսնո՞ւմ եք, որ մրցակցություն կա: Ի՞նչ խնդիր կա: Էսօր Սերժ Սարգսյանի անցած ուղին… հայոց բանակի կազմավորման, տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունենք, էս սուղ ֆինանսատնտեսական պայմաններում տնտեսական աճի, երկիրն առանց ցնցումների անցկացնելու պարագայում դուք ո՞ւմ եք մտածում, ո՞վ կարող ա բան անի: Բացի Սերժ Սարգսյանից՝ կարող ա՞ ռեալ թեկնածու լիներ»: Դիտարկմանը, որ հանրությունը հնարավոր է Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Հրանտ Բագրատյանին է նախընտրում, մարզպետը շարունակեց պնդել, որ մարդիկ քվե տալիս են «մարդու կատարած աշխատանքի ու նրա վաստակի համար»: Մյուս դիտարկմանը, որ հանրությունը ընտրություն է կատարում՝ առավելապես ելնելով սոցիալական իրավիճակից, մինչդեռ Հայաստանում, հատկապես մարզերում, այդ իմաստով անմխիթար վիճակ է, Սարգիս Սահակյանը ծիծաղեց ու ասաց. «Ես դժգոհություններ չեմ տեսել, դժգոհություններ որ լինեին, առաջինը ես կիմանայի»: Նա չցանկացավ կանխատեսումներ անել՝ տոկոսային իմաստով, միայն ասաց, որ ՀՀԿ թեկնածուի վարկանիշը շատ բարձր է, ու իրենց առաջ մի խնդիր է դրված՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնել: Անդրադառնալով ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կեցվածքին՝ սեփական թեկնածուով ընտրություններին չմասնակցելուն, ՀՀԿ-ական մարզպետը ասաց. «Նրանք, ովքեր չմասնակցեցին ընտրություններին, հասկացան, որ երկիրը պտի մարդ ղեկավարի, որը որ էս երկրի համար արել ա ու ունի անելու»:

Ի տարբերություն իր գործընկերոջ՝ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանգստանալու չի մեկնի: «Առավոտի» հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված նախագահական ընտրությունների շրջանում ՀՀԿ-ական չինովնիկների՝ հանգստի մեկնելու անհագուրդ ցանկությունը, նա պատասխանեց. «Դա հենց պայմանավորված է նախագահական ընտրությունների հանգամանքով: Ինքս հանդիսանում եմ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Վայոց ձորի մարզային շտաբի ղեկավար, ներգրավված եմ լինելու ակտիվ քարոզչական, կազմակերպական աշխատանքներում, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական պաշտոնյաները պետական միջոցները չօգտագործեն քարոզչական նպատակների համար՝ ես խնդրել եմ վարչապետին, որպեսզի թույլ տա իմ հաշվին արձակուրդ ձեւակերպել»: Էդգար Ղազարյանը վստահեցրեց, որ այս ընթացքում ինքը չի օգտագործելու մարզպետի իր աշխատասենյակը, կապի միջոցները եւ ծառայողական մեքենան: Նա նույնպես չցանկացավ կանխատեսումներ անել՝ տոկոսային հարաբերակցութամբ: Միայն փոխանցեց իր տպավորությունը, որը եղել է նաեւ մինչեւ քարոզարշավի մեկնարկը, որ ՀՀԿ թեկնածուն հաղթելու է առաջին փուլում. «Ես վստահ եմ, որ ընտրությունները կավարտվեն առաջին փուլով, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հաղթանակով»: Այս վստահության հիմքը մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն են, որոնց արդյունքում ՀՀԿ-ն առաջատար դիրք գրավեց՝ ստանալով ձայների գերակշիռ մեծամասնությունը: Բացի այդ, մարզպետն իր վստահությունը պայմանավորում է նաեւ ՀՀԿ-ի թեկնածուի անձնական, քաղաքական հատկանիշներով:

2012-ի սեպտեմբերին կայացած Եղեգնաձորի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ ընտրվեց ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:  Խոսակցություններ էին շրջանառվում, որ նրա եւ մարզպետի հարաբերություններն այդքան էլ հարթ չեն, քանի որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ական մարզպետը սեփական թեկնածուին գովազդելու փոխարեն՝ զբաղվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հակագովազդով: Ի դեպ, խորհրդարանական ընտրություններում Եղեգնաձորում հաղթել էր ԲՀԿ-ն: Էդգար Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հարաբերությունների մեջ է Եղեգնաձորի ԲՀԿ-ական քաղաքապետի հետ, արդյոք վերջինս էլ իբրեւ մասնավոր անձ կլծվի՞ Սերժ Սարգսյանին աջակցելու գործին, քանի որ շատ ԲՀԿ-ականներ այժմ այդ դիրքորոշումն են որդեգրել: «Եղեգնաձորի քաղաքապետը մեր մարզային շտաբում ընդգրկված չէ, նաեւ ընդգրկված չէ Եղեգնաձորի քաղաքային շտաբների կազմում, հավանաբար իր կուսակցության դիրքորոշումը պետք է պաշտպանի: Թե ինչ քաղաքացիական դիրքորոշում պետք է ցուցաբերի՝ իրենից պետք է հարցնել: Մեր ոչ մարզային, ոչ էլ համայնքային շտաբներում ԲՀԿ անդամներ չկան»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031