Լրահոս
Օրվա լրահոսը

Կախարդական բառեր

Հունվար 23,2013 13:56

«Սնիպ-սնապ-սնուռե, պուռե-բազիլյոռե»: Մանկությանս ամենավառ հիշողություններից է Ստանիսլավսկու անվան թատրոնի «Ձյունե թագուհի» ներկայացումը, որտեղ Խորհրդականի (բացասական կերպարի) դերում հանդես էր գալիս նշանավոր դերասան Իվան Գրիկուրովը: Վերը բերված բառերը կախարդական են, որոնցով պիեսում բարի կախարդը լուծում է բոլոր հարցերը: Իրական կյանքում, ցավոք սրտի, այսպես չի լինում: Չկա ինչ-որ կոդ, որով հնարավոր է միանգամից բարեփոխել աշխարհը, երկիրը: Ավելին՝ չկան բանաձեւեր, որոնցով մարդը հեշտությամբ կարողանա կատարելագործվել անհատապես: Պատահական չէ, որ բոլոր կրոնները նախատեսում են ոչ թե մեկանգամյա աղոթք, այս աղոթքների եւ գործողությունների, վարքի համակարգ, որով հնարավոր է փրկել հոգին:

Նույնը, իհարկե, հասարակական կյանքում է: Կան մարդիկ, որոնց թվում է, որ եթե նրանք ասեն՝ «Սերժիկ», «Սաշիկ», «Միշիկ», ինչպես նաեւ «Լֆիկ», «Նեմեց» եւ ընդհանրապես ցուցադրեն իրենց ընտանեկան դաստիարակության ողջ «ներկապնակը», ապա վերջ՝ այդ սարսափազդու բառերից քրեաօլիգարխիկ համակարգը իսկույն կփլուզվի, բոլոր մարդիկ կսկսեն փող վաստակել իրենց հալալ քրտինքով, իսկ հանցագործները կհայտնվեն ճաղերի հետեւում: Եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, Հայաստանը եւ աշխարհը վաղուց արդեն դրախտավայր կդառնային: Բայց աշխարհում չկա մի անկյուն, որտեղ բառերն ունենան ակնկալվելիք մոգական ուժը, եւ որտեղ ապրելու պայմանները մոտ լինեն դրախտայինի:

Հետեւաբար, պարզապես բառեր (բացականչություններ) արտասանելու մեջ առանձին իմաստ եւ նույնիսկ խիզախություն չկա: Բառերը պետք է միավորվեն ավարտուն, կապակցված մտքերի մեջ, որոնք կոչվում են նախադասություններ: Բայց դա էլ է քիչ. այդ նախադասություններն իրենց հերթին պետք է կազմեն մի համակարգ, որը կներկայացնի դրանց հեղինակների տեսլականը, թե ինչ են իրենք ուզում անել՝ կյանքը բարեփոխելու համար: Այդ համակարգը սովորաբար անվանում են ծրագիր կամ հայեցակարգ: Նախընտրական քարոզարշավը, գոնե տեսականորեն, պետք է ուղղված լինի հենց դրան:

Որքանո՞վ է այս քարոզարշավը համապատասխանում այդ պահանջներին: Ճիշտ այնքանով, որքանով մեզանում զարգացած է քաղաքական մշակույթը եւ միտքը: Այդ շրջանակներում նախագահի թեկնածու առաջադրվածներից ոմանք փորձում են իրենց հնարավորությունների չափով ներկայացնել իրենց ծրագրերը, ճիշտ թե սխալ՝ թող ընտրողը որոշի: Մի շարք թեկնածուներ էլ, թեեւ առաջադրվել են եւ վճարել են 8 միլիոն դրամ, բայց իրենց ողջ էներգիան վատնում են նրա վրա, որպեսզի բացատրեն, թե ինչու նրանք ոչ մի ծրագիր չեն ներկայացնում: Բայց նրանց վարքը նույնպես արժանի է հարգանքի՝ համեմատած նրանց հետ, ովքեր չեն առաջադրվել, բայց փորձում են առաջադրվածների վրա «կեղտ բռնել»:

…Եվ քանի որ այս նախընտրական պայքարում նաեւ օրիգինալ խոստումներ են հնչում, ես էլ իմը տամ: Խոստանում եմ օգոստոսի 15-ին մեկ օր հացադուլ անել եւ հաջորդ օրը խմբագրական չգրել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gago says:

    Հենց վերը նշվածը պատճառներից մեկն է, որ ընդդիմությունը ընդդիմություն այդպես էլ չդառավ: Միակ բանը, որ նրանք անում էին “շատ լավ”, դա հայհոյախառն մականունների օգտագործումն էր, բայց թե իրենք իրենց հետ ի՞նչ պիտի բերեին քաղաքացու համար, այդպես էլ մնաց անհայտ: Քաղաքացիները մի բան հստակ հասկացան. փոխարինողները գալիս են “ախորժակով” և ավելի լավ է թողնել այնպես ինչպես կա: Ցավոք, թեկնածուներից նրանք, որոնք կարծիքովս աոաջադրվել են անկեղծորեն բարեփոխումներ բերելու համար չկարողացան հավատ ներշնչել լայն մասսաների մեջ: Գուցե բարին էլ դա է, մի գուցե որպես երկրի առաջնորդ ձախողվեն:

Պատասխանել