Քաղաքացի Գայանե Հարությունյանի ամուսինը` Ղարիբ Վարդանյանը, եղել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ հաճախորդը, ով Բանկի առջև ունեցել է վճարային պարտավորություն` 246.038 ՀՀ դրամի չափով: 29.01.2012թ.-ին Ղարիբ Վարդանյանը մահացել է :
Ամուսնու մահից հետո «Հայէկոնոմբանկ» -ից զանգահարում են Գայանե Հարությունյանին և հրավիրում «Հայէկոնոմբանկ», որտեղ վերջինիս պարզաբանվում է իր հանգուցյալ ամուսնու վարկային պարտքը մարելու կնոջ պարտավորությունը: Գայանե Հարությունյանն առանց խորհրդակցելու իրավաբանի հետ, վստահելով Բանկի օրենսդրական պարզաբանումներին, որպես օրինապահ քաղաքացի ստորագրում է Բանկի կողմից տրված փաստաթղթերը:
Այնուհետև Գայանե Հարությունյանին հանձնում են վարկի մարման «գրաֆիկ», որպեսզի վերջինս մարի իր հանգուցյալ ամուսնու պարտքը:
Գայանե Հարությունյանը, հետագայում տեղեկանալով, որ կարող էր նշված փաստաթղթերը չստորագրել, չստանձնել իր հանգուցյալ ամուսնու պարտքը մարելու պարտավորությունը և որ համաձայն օրենսդրության՝ պարտապանի մահվան դեպքում պարտավորության իրավահաջորդություն է տեղի ունենում միայն պարտապանի ժառանգների կողմից ժառանգությունն ընդունած լինելու պարագայում, գիտակցում է խաբված լինելու փաստը և 2012 հունիսի 22-ին դիմում է «Այլեքս» փաստաբանական գրասենյակ` իր խախտված իրավունքների վերականգնման հարցում իրավական աջակցություն ստանալու նպատակով: Ընկերության փաստաբանի կողմից հայցադիմում է ներկայացվում Ընդհանուր իրավասության դատարան այն հիմքով, որ փաստորեն անձը խաբվել է, վերջինիս չի պարզաբանվել նշված պարտավորությունը չստանձնելու իրավունքը, Գայանե Հարությունյանը նույնիսկ չի հանդիսացել Բանկի հաճախորդ, չի ընդունել ժառանգությունը և չուներ պարտքի մարումը կատարելու որևէ պարտավորություն: Հատկանշական է, որ Բանկի կողմից Գայանե Հարությունյանին հանձնվել է միայն մարման գրաֆիկը, որպեսզի վերջինս կատարի իր ամուսնու պարտավորությունները: Սակայն, ցավոք, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն, ի դեմս դատավոր Նաիրա Մարգարյանի, մերժեց Գայանե Հարությունյանի հայցը, նշելով.
«Քանի որ որևէ իրավանորմով ամրագրված չէ բանկի պարտականությունը բացատրել գործարքի կողմերին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հնարավոր կամ անհրաժեշտ դրույթները և ելնելով Գայանե Հարությունյանի ստորագրած փաստաթղթերի բովանդակությունից, ու դրանց պարզ շարադրանքից` ակնհայտ է, որ Գայանե Հարությունյանին հասկանալի է եղել գործարքի բուն իմաստը, ըստ որի` վերջինս գրավոր պարտավորություն է ստանձնել բանկի հանդեպ` մարել իր հանգուցյալ ամուսնու պարտքը»:
Փաստորեն սույն որոշմամբ անտեսվեց այն պարզ իրականությունը, որ Բանկի` որպես առավել հեղինակավոր ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը ստորագրելով՝ քաղաքացին չէր կարող կասկածել, որ իրավունք ուներ չստորագրելու այդ փաստաթղթերը: Ավելին` փաստաբանը չէր էլ հերքել, որ Գայանե Հարությունյանը հասկացել է գործարքի հետևանքները, սակայն քաղաքացուն չէր բացատրվել նման փաստաթղթեր չստորագրելու վերջինիս իրավունքը և որ անտրամաբանական է քաղաքացու կողմից առանց Բանկի կողմից ակտիվ գործողությունների պարտքը մարելու պարտավորությունն ինքնակամ ստանձնելը, այն էլ անմիջապես ամուսնու մահից հետո: Իսկ Բանկի կողմից ակտիվ գործողությունները մեր գնահատմամբ դժվար թե հնարավոր լինի համարել «բարեխիղճ»: Թե ինչքանով է օրինական այս գործելաոճը, որոշում է դատարանը, սակայն բարոյական տեսանկյունից կասկած չի կարող հարուցել, որ Բանկը, լինելով առավել ֆինանսական միջոցներ տիրապետող հեղինակավոր կառույց, կարող էր քաղաքացուց նման կերպ այդ գումարը չվերցնել և այն դեպքում, երբ վերջինս ընդուներ ժառանգությունը նշված գումարը ստանալ օրենքով նախատեսված կարգով` ժառանգությունը բացած նոտարին դիմելու միջոցով: Եթե քաղաքացին տեղյակ չլինի իր իրավունքների վերաբերյալ կամ գործարք ստորագրելուց առաջ նախապես չքննարկի իրավաբանի հետ դրա հնարավոր իրավական հետևանքները, ապա ապահովագրված չի լինի այլ անձանց անբարեխիղճ գործելաոճի զոհը դառնալու հնարավորությունից:
«Այլեքս» փաստաբանական գրասենյակ
Փաստաբան Շ. Փեթակչյան