Հունվարի 24-ի ժամը 18-ին լրանում է տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին Ազգային ժողովում խմբակցություններ ունեցող 6 քաղաքական ուժերի հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, այս պահին հայտ է ներկայացրել միայն ՀՀԿ-ն:
Հանրապետության նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին 41 ընտրատարածքներում ձևավորվելու են 1 988 տեղամասային ընտրական հանձնաժողովներ:
ՏԸՀ-ները կունենան 8-ական անդամ: Մեկական անդամ նշանակելու իրավունք ունեն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող 5 կուսակցությունները` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր», և «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, երկուական անդամ` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:
Կարդացեք նաև
Եթե ՏԸՀ-ի ձևավորման համար Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կամ ժամկետում որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք հանձնաժողովի անդամ չի նշանակում, կամ ԸԸՀ-ի անդամների առաջարկած թեկնածուների թիվը պակաս է երկուսից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը լրացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, ՏԸՀ-ների առաջին նիստերը տեղի կունենան հունվարի 27-ին` ժամը 12-ին: