Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենի կուսակցությունները պետք է արմատապես փոխվեն

Հունվար 23,2013 12:00

Կանցնի էլի մի որոշ ժամանակ, ընտրությունները կավարտվեն, հետո ձյունը վերջապես կհալվի, եւ այդժամ նոր կուսակցությունները մեզանում ընդհանրապես կսկսեն ծլել ձնծաղիկների պես։ Դիտարկենք հայրենի կուսակցական համակարգի իշխանամետ հատվածի հեռանկարները։ Ըստ որում, մեզ հետաքրքրում են ոչ թե կոնկրետ կազմակերպությունների ճակատագրերը, այլ միտումներն ընդհանրապես։

Ընտրություններից հետո ստեղծվող նոր քաղաքական իրողության մեջ տեղավորվելու համար հայրենի կուսակցությունները պետք է արմատապես փոխվեն։ Ներկայումս գոյություն ունեցող կուսակցությունները գործում են որպես կադրային եւ զանգվածային կառույցներ։ Նման մոդելն ըստ համաշխարհային չափանիշների հնացել է դեռեւս երեսուն տարի առաջ։
Մեզանում բավականին շատ են կազմակերպությունները, որոնց Եվրոպայում անվանում են «ճանկիր բոլորին» կուսակցություններ։ Դրանց բնորոշ հատկանիշը համեմատաբար բարձր ակտիվությունն է ընտրությունների ժամանակ եւ գրեթե բացարձակ անպիտանությունը, գործելու անկարողությունը միջընտրական շրջանում։
Սակայն, հաշվի առնելով գոյություն ունեցող քաղաքական համակարգին կուսակցությունների տեսակի համապատասխանության օրենքը, կարելի է ենթադրել, որ հայրենի քաղաքական կյանքում գնալով ավելի մեծ դեր կխաղան, այսպես կոչված՝ «կարտելային կուսակցությունները»։
Ինչպես զանգվածային, այնպես էլ ընտրազանգվածային կուսակցությունները փորձում են միջնորդ լինել հասարակության եւ պետության միջեւ։ Իսկ կարտելային կուսակցությունները փաստորեն դառնում են պետական մեխանիզմի մասը։ Այդ հատկանիշով նրանք ավելի արդյունավետ են կարգավորում քաղաքացիների քաղաքական ակտիվությունը՝ քաղաքականությանը զանգվածների մասնակցության անկման համաշխարհային միտումների խորապատկերի վրա։
Այնպիսի երկրներում, ինչպիսին մերն է, կուսակցությունների ապագան, նրանց կշիռն ու դերակատարությունը քաղաքական կյանքում մեծապես կախված են բարձրագույն իշխանության հետ փոխհարաբերություններից։
Համաշխարհային պրակտիկայում նախագահի եւ նրա կուսակցության փոխհարաբերությունների մոդելների հավաքածուն սահմանափակվում է երեքով։ Առաջին. նախագահը քաղաքական կուսակցության առաջնորդն է։ Այս մոդելը գործում է այսօր մեզանում, երբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը միաժամանակ նաեւ ՀՀԿ առաջնորդն էր։
Երկրորդ մոդել. նախագահը կուսակցության հովանավորն է, բայց ոչ անդամը, առավել եւս առաջնորդը։ Այս մոդելի շրջանակներում նախագահը մշտապես արտահայտում է իր բարեհաճությունը կուսակցություններից մեկի նկատմամբ` միաժամանակ թույլ տալով վերջինիս հաստատել սեփական քաղաքական կշիռը իրական գործերով։
Երրորդ մոդել. նախագահը դիտորդ է, որը վերեւից հետեւում է իր ուշադրությանը հավակնողների պայքարին։ Սա նույնպես բավական հետաքրքիր մոդել է, որը նախագահից կամ նախագահության թեկնածուից պահանջում է քաղաքական զորաշարժերի բարձրագույն արվեստին փայլուն տիրապետում։
Առայժմ, ինչպես նշվեց վերը, մեզանում կիրառվում է առաջին մոդելը։ Այն բանից, թե սեփական մարտավարության մեջ ինչպիսի փոփոխություններ կմտցնի նախագահը ընտրություններից հետո, որ մոդելը կընտրի, կախված կլինի հայրենի քաղաքական համակարգի հետագա զարգացման ուղղվածությունը։

Արամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031