Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով կառավարությունը 5000 եվրո պետք է վճարի քաղաքացու իրավունքները խախտելու համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն ի կատար ածելու համար ՀՀ կառավարությունը պետբյուջեից 5000 եվրոյին համարժեք դրամ կհատկացնի
արդարադատության նախարարությանը` «Շոլոխովն ընդդեմ Հայաստանի եւ Մոլդովայի Հանրապետության» գանգատով 2012 թվականի հուլիսի 31-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով: Այս հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ այս հարցը:
Նախատեսված է գումարը հատկացնել 2013 թվականի 1-ին եռամսյակում` կառավարության պահուստային ֆոնդից` «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ արդարադատության նախարարն այդ գումարը պահանջելու համար կառավարությանն այսպիսի հիմնավորում է ներկայացրել. « Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:
Վճռի կատարման պարտադիր պայմաններից մեկն էլ դիմումատուի խախտված իրավունքների համար Դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումն է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ