Հացադուլը սպառնում է դառնալ հայ քաղաքական գործիչների ինքնադրսեւորման լավագույն ձեւը։ Եթե մինչ օրս մեզ թվում էր, թե քաղաքական գործիչների ինքնադրսեւորման ձեւերը ելույթը, հարցազրույցը, հոդվածը, տնտեսական ու քաղաքական ծրագրերը, վերջապես՝ միտինգն ու պայքարն են, ապա, դատելով ՀՀ նախագահի թեկնածուների պահվածքից, կարելի է կարծել, թե քաղցած մնալու կարողությունը քաղաքական կամքի, ինտելեկտի, կառավարման որակների արտահայտման միակ եւ բարձրագույն եղանակն է։
Մեր քաղաքական գործիչներից քանիսի՞ն գիտեք, որ երբեւէ հոդված են գրել ու շարադրել իրենց տեսակետը։ Կամ՝ տարրական ելույթ ունեցել, որտեղ հստակ շարադրված միտք, առաջարկ, գնահատական կամ վերլուծություն են հնչել։ Մինչդեռ հուսահատության այդ դրսեւորումը՝ հացադուլը, որն ավելի շատ արդարության համար պայքարող դատապարտյալներին է բնորոշ, այսպիսի տարածում է ստանում։
Եվ մինչ մյուս թեկնածուները տապակվում են հաց ուտել-չուտելու, քարոզարշավը սկսել-չսկսելու, թեկնածությունը հանել-չհանելու դիլեմայի մեջ, իշխանական թեկնածուն սկսել է դեժավյու առաջացնող իր ընտրարշավը, որտեղ ամեն ինչ նույնն է՝ եւ հանդիպումների մասնակիցները, եւ դրանց կազմակերպիչները, եւ պաստառ-հոլովակ-կարգախոսները։ Համենայնդեպս՝ ոգին նույնն է։ Որքան էլ չցանկանանք հաշտվել «ընտրություններով մեզանում իշխանափոխությունն անհնար է» թեզի հետ, դժվար է առարկել դրա ճշմարտացիությանը։
Ինչպե՞ս դուրս գալ այս արատավոր շրջանից եւ ստիպել, որ իշխանությունը հաշտվի ընտրությունների միջոցով իշխանություն փոխանցելու մտքի հետ։ Հաղթահարի այն վախը, որը բնորոշ է ամեն կորստից առաջ ու ցանկացած անձի։ Հասկանա, որ վախն իրականում ամենամեծ կորուստն է, իսկ իշխանությունը պահպանելու վախից բխող քայլերը՝ ամենավտանգավորը։
Կարդացեք նաև
«Հրապարակ»