Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ մասին՝ վերջին դասին

Հունվար 23,2013 10:35

Օրերս Գյումրիի քաղաքապեւո Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ սատարելու է Սերժ Սարգսյանին։ Նման հայտարարություններ արել էին կամ առնվազն գործող նախագահին սատարելու ցանկություն էին հայտնել նաեւ ԲՀԿ-ական շատ այլ համայնքապետեր։ Ի՞նչ է ստացվում՝ ԲՀԿ-ն հիմա սատարո՞ւմ է Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ մեկին չի սատարում։

Ի՞նչ կարող է արժենալ Սամվել Բալասանյանի միանձնյա սատարումը Սերժ Սարգսյանին։ Այդ սատարումը մի քոռ գրոշ էլ չարժե, եթե ԲՀԿ Գյումրիի կառույցը չի հետեւում իր քաղաքապետին։ Բնականաբար, նույնկերպ պետք է վարվեն նաեւ ԲՀԿ-ական համայնքապետեր ունեցող բոլոր համայնքների ԲՀԿ-ականները։ Եվ այս ամենի արդյունքում ստացվում է մի զավեշտալի պատկեր՝ ԲՀԿ-ն իր համայնքապետերով ու նրանց ենթարկվող շարքերով, հանուն համայնքի եւ համայնքապետի ապահովության, սատարում է գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, իսկ Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը, Երեւանում նստած, ոչ մեկին չեն սատարում։ Ցիրկ՝ բառիս բուն իմաստով։ Հարցն ուժի մեջ է՝ ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում, հարգելի ԲՀԿ-ականներ։

Չի բացառվոմ, որ Սամվել Բալասանյանի օրինակով, ով հանուն Գյումրիի սատարում է Սերժ Սարգսյանին եւ Գյումրիի շահերը բարձր է դասում ԲՀԿ-ի շահերից (սա արդեն Գագիկ Ծառուկյանի հատուկ հանձնարարականն է), ԲՀԿ ԱԺ խմբակցությունն էլ որոշի՝ հանուն ԱԺ-ի եւ խնամի Հովիկ Աբրահամյանի, սատարել նախագահ Սարգսյանին։ Այո, չի բացառվում, որովհետեւ քաղաքականության մեջ ոչ միայն չի կարելի ոչինչ բացառել, այլեւ չի կարելի ինքզինքը հեղափոխական հռչակել՝ չիմանալով ինչ է հեղափոխությունը։

Արդեն կարելի է միանշանակ պնդել, որ այս նախագահական ընտրություններում հանգամանքները ԲՀԿ-ի համար հեչ լավ չդասավորվեցին։ Հիմա ոչ կարողանում են լիարժեք սատարել, ոչ էլ չսատարելն է ստացվում։ Ի՞նչ անեն։ Հարցը, թերեւս, կարողանա լուծել Գագիկ Ծառուկյանը, բայց նա էլ այս օրերին խիստ զբաղված է։ Ասում են՝ մտմտում է՝ գրե՞լ դիմում, թե՞ չգրել դիմում կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ Նկատենք, սակայն, որ թե գրելու եւ թե չգրելու դեպքում նա դեռ պատասխան չի տվել այն բանի համար, որ մեկուկես տարի շարունակ, չի բացառվում, որ հենց իշխանության հրահանգով, այսպես ասպատակեց ու ամայացրեց ընդդիմադիր դաշտը։

Հուսանք, որ Գագիկ Ծառուկյանը կխոսի այս մասին, բայց արդեն ոչ թե հաջորդ, այլ վերջին դասին։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031