Նման որոշում է կայացվել՝ հիմք ընդունելով մի խումբ մտավորականներից կազմված հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունը
Մեխիկոյի քաղաքագլուխ Միգել Անխել Մանսերան հայտնել է Ադրբեջանի նախկին նախագահի իրական մեծություն ունեցող բրոնզե արձանը Մեքսիկայի մայրաքաղաքի հիմնական պողոտայից հեռացնելու վերաբերյալ:
«Վաշինգտոն փոստ» ամերիկյան պարբերականի փոխանցմամբ, Մանսերան ասել է, որ հանգուցյալ Հեյդար Ալիևի արձանը կտեղափոխվի մեկ այլ վայր: Արձանի գտնվելու նոր վայրի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել:
Մեխիկոյի քաղաքագլուխը երեքշաբթի օրն ասել է, թե նման որոշում է կայացվել՝ հիմք ընդունելով մի խումբ մտավորականներից կազմված հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունը:
Ամերիկյան պարբերականը հիշեցնում է, որ Ադրբեջանը 5 միլիոն դոլար չափով նվիրատվություն էր կատարել՝ բարեկարգելու համար այն այգին, որտեղ դեռևս տեղադրված է արձանը, ինչպես նաև հասարակական այլ աշխատանքներ իրականացնելու նպատակով:
«Վաշինգտոն փոստ»-ի համաձայն, Ալիևի տեղադրված արձանի դեմ բողոքի ալիք էր բարձրացել, որի մասնակիցները վիրավորական էին որակել Ադրբեջանի հանգուցյալ նախագահի նման բռնապետին արձան տեղադրելու հանգամանքը:
Արմեն Հովհաննիսյան
«ԱմերիկայիՁայն»