Մի քանի ժամ է, ինչ համացանցում խառնաշփոթ է. բոլորին հետաքրքրում տարածված լուրը Եվրատեսիլի հայաստանյան մասնակցի ինքնության մասին ճի՞շտ է, թե` ոչ:
«Այո, ես եմ ներկայացնելու Հայաստանն այս տարի Եվրատեսիլում, – ի պատասխան բոլորին հուզող հարցի՝ «Առավոտ երիտասարդականին» ասաց Գոռ Սուջյանը, – Հանրային խորհուրդն է ընտրել ինձ. երեկ զանգահարեցին ու հայտնեցին այդ մասին, իսկ այսօր արդեն հանդիպում ունեցա և ընդունեցի մասնակցության առաջարկը»:
Երգը դեռևս ընտրված չէ, երգչի խոսքով՝ կներկայացվեն մի քանի երգեր, որոնցից կընտրվի մեկը: Գոռի նպատակը մրցույթի հետ կապված լավ ներկայանալն է. «Մենք փորձելու ենք լավ ելույթ ունենալ, ավելի շատ դոմինանտ է լինելու երաժշտությունը, քան շոուն», – նշեց Գոռը: Ակնկալիքներ երգի մրցույթի հետ կապված՝ դեռ չունի, կամ ինչպես ինքն է ասում՝ չի ուզում ամպագորգոռ բառեր ասել կամ հավատացնել, որ հաղթելու ենք. «Ուղղակի գնում ենք երգելու, մեր երաժշտությունը ներկայացնելու և փորձելու ենք երկրի պատիվը բարձր պահել», – հավելեց երգիչը:
Տիգրանուհի Թասլակյան