Միայն Գյումրիում ՀՀԿ թեկնածուի շտաբների թիվը հասնում է 16-ի
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, Սերժ Սարգսյանի Գյումրու նախընտրական շտաբի պատասխանատու Սահակ Մինասյանը: Ըստ նրա, ՀՀԿ թեկնածուի նախընտրական շտաբներում հիմնականում ընդգրկվել են Հանրապետական կուսակցության անդամները, թեև Շիրակի մարզի ոչ բոլոր գյուղերում են շտաբներ բացվել: «Սակավաբնակ, լեռնային, սահմանային գյուղերում յուրաքանչյուր 3-4 գյուղի աշխատանքը կազմակերպում է մի նախընտրական շտաբ» , -տեղեկացրեց Սահակ Մինասյանը:
Ըստ նրա, ամեն ինչ անելու են, որ ընտրությունները անցկացվեն թափանցիկ, նախադեպը չունեցող, «Ընտրական օրենսգրքի» տառին համապատասխան, որպեսզի իրենց նախըտրական կամպանիան ոչ մի «սադրանք, թերացում, ձախողում» չունենա: Իսկ ինչո՞ւ են գյումրեցիները այսքան պասիվ, անտրամադիր ու ընտրությունների հանդեպ անտարբեր, մեր այս հարցին պարոն Մինասյանը պատասխանեց. «Բնականոն է, որովհետև ցանկացած գործընթաց ունի ստարտ, ունի թափ առնելու շրջան, ունի կիզակետ և հանգուցալուծում: 2-րդ օրն է Հայաստանի Հանրապետությունում սկսվել է ընտրությունների քարոզարշավը, և բնական է, որ դեռևս այն թափը, որ ակնկալում ենք, դեռ չենք տեսել: Բայց սա վերագրել ժողովրդին, ընդհանուր հասարակության պասիվությանը, ես չեմ կարծում, որ տեղին է: Որովհետև արդեն իսկ մեր շտաբ այցելում են հասարակության բոլոր խավերից անձիք, ներկայացնում են առաջարկներ մեր նախընտրական ծրագրում ավելացնելու համար` նախագահի հավատով, հույսով, արդեն իսկ դրա ապացույցը կա, որ նախորդ պաշտոնավարման ընթացքում մեր թեկնածուի, այսինքն գործող նախագահի ոչ մի խոստում թղթի վրա չմնաց: Սա արդեն ինքնին ոգեշնչման աղբյուր է, որպեսզի էսօր մեր հասարակությունը տրամադրվի լավատեսորեն և իր նախաձեռնությունը մեր գործող շտաբների միջոցով հաղորդի մեջ թեկնածուին»:
Իսկ ինչպե՞ս է վերաբերում Սերժ Սարգսյանի Գյումրու շտաբի պատասխանատուն մամուլում հնչած այն քննադատություններին, որ նախագահի PR-ը անգրագետ է կազմակերպվում: «Ես չգիտեմ հստակ որ քարոզչական խմբին են քննադատել վատ աշխատելու կամ իրենց կարծիքով թերանալու համար , բայց հարցը շատ համակողմանի քննարկման խնդիր է: Ես իրազեկ չեմ ինչի մասին եք ասում, բայց, ընդհանուր առմամբ, որպես քարոզչական սկզբունք մեր թեկնածուի համար, կարող եմ ասել հետևյալը, որ մեր թեկնածուն իր արածով, պետականության գործում իր ունեցած վաստակով արդեն երևելի և ներկայանելի է, և հարկ չկա, որ առանձին քարոզչական խմբեր կամ համակիրներ կամ քարոզիչներ շատ ջանալուց փորձեն ստվերել մեր թեկնածուի նկարագիրը: Այսինքն մեր խնդիրն է եղածը հստակ, հոդաբաշխ հայերենով ներկայացնելը»,- կարծում է ՀՀԿ կառույցի պատասխանատուն:
Կարդացեք նաև
Ինչքա՞ն ծախս է պահանջվել կոնկրետ Շիրակի մարզում Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը կազմակերպելու համար , հետաքրքվեցինք մենք: «Ամեն ինչ Հանրապետական շտաբում հաշվարկված է, մենք ոչ մի լրացուցիչ շռայլություն թույլ տալու իրավունք չունենք, որովհետև մենք ուզում ենք օրինակ հանդիսանալ մյուս նախընտրական շտաբներին, չստվերենք մեր սիրած հայրենի երկրի ընտրությունները», -ասաց Սահակ Մինասյանը: Իսկ ինչպե՞ս է երկրի նախագահը պլանավորել իր քարոզարշավը իրականացնել Շիրակի մարզում, գյուղեգյո՞ւղ է գնալու, թե՞ բավարարվելու է միայն քաղաքներով: Ըստ Սահակ Մինասյանի, նա առաջին տաս օրվա ընթացքում անպայման կայցելի Շիրակի մարզ, կլինի մարզի երկու խոշոր քաղաքներում` Գյումրիում և Արթիկում, կայցելի նախկին վարչական հյուսիսային շրջաններից մեկը: Իսկ չե՞ք ուղղորդելու նախագահին լինել ամենահոգսաշատ տեղանքներում, լսել բնակչության խնդիրները, մեր այս հարցին ի պատասխան Սահակ Մինասյանը դարձյալ առիթը բաց չթողեց երկրի նախագահի գովքն անելու. «Նախագահն իր տեսակով, խառնվածքով ուզում է ամենախիտ պրոբլեմային տեղերում լինել, որպեսզի իր սեփական աչքով տեսնի ու ականջով լսի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ