Լրահոս
Օրվա լրահոսը

Բերանը կարած եւ անժամկետ հացադուլ հայտարարած վանաձորցու հարազատները արդարություն են պահանջում

Հունվար 22,2013 19:19

Եթե պատկան մարմինները արդարացի լուծում չտան այս խնդրին, Շալիկո Մանուչարյանի մայրն ինքը ՀՀ նախագահի նստավայրի առաջ հացադուլ կհայտարարի:

Այսօր Լոռու մարզի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության դատարանի առջեւ բողոքի էին ելել այս տարվա  հունվարի 14-ից հացադուլի մեջ գտնվող վանաձորցի 33-ամյա Շալիկո Մանուչարյանի ծնողները, հարեւանները, բարեկամները, հարազատները:

«Իմ որդին այդ հանցագործությունը չի կատարել: Ուզում են անմեղ մարդու գլխին կոտրել: Եթե պատկան մարմինները արդարացի լուծում չտան այս խնդրին ու որդուս չազատեն, նստացույց ու հացադուլ եմ անելու ՀՀ նախագահի նստավայրի առաջ: Եթե դա էլ չօգնեց, դիմելու եմ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան: Մենք միայն ազատություն ու արդարություն ենք ուզում»,-ասում է Շալիկոյի մայրը` Ռուզաննա Վարդանյանը:

Թեեւ այսօր հայտարարված դատական նիստում քննարկվելու էր քննիչի` կալանքի միջնորդությունը եւս մեկ ամսով երկարացնելու հարցը, այնուամենայնիվ, դատական նիստը հենց քննիչի` նիստից բացակա լինելու պատճառով չկայացավ:

Ruben-Hakobyan pastabanՇալիկո Մանուչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանը (լուսանկարում) տեղեկացրեց, որ քննիչը գրություն է հղել դատարան`խնդրելով հետաձգել դատական նիստը. «Այսօրվա նիստը հետաձգվեց` քննիչի` դատական նիստին ներկա չլինելու պատճառով: Քննիչը գրություն էր ուղարկել այն մասին,  որ անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունից ելնելով չի կարող ներկայանալ նիստին »:

Փաստաբանի փոխանցմամբ արդեն 8 oր է` իր պաշտպանյալը հացադուլի մեջ է, եւ գննալով նրա առողջական վիճակը վատանում է, բերանի կարած մասերն էլ արդեն սկսել են թարախակալել: «Չնայած առողջական լուրջ խնդիրներին, նա մինչեւ վերջ շարունակելու է հացադուլը եւ բերանը կարած վիճակում մնալու է այնքան,  մինչեւ իր խախտված իրավունքները չվերականգնվեն»,-տեղեկացնում է փաստաբանը:

8 ամսվա կալանավորման ընթացքում Շալիկո Մանուչարյանը չի տեսակցել անգամ դստեր հետ, տեսակցությունները արգելված են, որպեսզի տեղեկատվության շարժ չլինի եւ չվնասի գործի օբյեկտիվ քննությանը: Այնինչ փաստաբան Ռուբեն Հակոբյանն ինքն է արձանագրում, որ առանց դրա էլ, գործի քննությունը ընթանում է սխալ ճանապարհով. «Իրավական կողմն այն է, որ անհիմն մեղադրանք է առաջադրված, եւ առանց բավարար հիմքերի մարդը երկարատեւ, արդեն 8 ամիս գտնվում է կալանքի տակ: Իսկ փաստական կողմը այն է, որ առանց ապացույցների 2010 թվականին քրեական գործ է հարուցվել, 6 ամիս քննվել, կասեցվել է`մեղադրյալի գտնվելու վայրը անհայտ լինելու հիմքով: Այսինքն` երբ որ նա հայտնաբերվի, պետք է վերսկսեն եւ արագ ուղարկեն դատարան, որովհետեւ բոլոր ապացույցները ձեռք բերված են: Բայց մեղադրյալը իր տանը հայտնաբերվում է մայիսի 30-ին, վերսկսվում է վարույթը, 8 ամիս նոր ապացույցներ են ձեռք բերում: Այդ դեպքում, եթե այդ ապացույցները չունեիք, ինչպես եք մեղադրանք առաջադրել ու հետախուզում հայտարարել»,-տարակուսում է փաստաբանը:

Նա նշում է, որ պաշտոնական վարկածով տուժող է ճանաչված քաղաքացի Ա.Փ-ն:  Դատաբժշկական եզրակացության համաձայն` նրան պատճառվել է  ծանր մարմնական վնասվածք, բայց քննիչը բազմիցս հայտարարել է, որ տուժողը ցուցմունք է տվել այն մասին,  որ իրեն որեւէ մեկը վնասվածք չի պատճառել: «Բացի այդ` մենք ունենք լոռեցի 3 պատգավորների խնդրագրերը, եւ Վանաձորի ավագանու 21 անդամներից 20 հոգու դիմումը, ինչպես նաեւ Վանաձոր քաղաքի մոտ 2000 բնակիչների ստորագրություններով երաշխավորագրերը,  որով վստահեցվում է, որ Շալիկո Մանուչարյանը կալանքից ազատվելու դեպքում չի թաքնվի, չի խուսափի»,-եզրափակում է փաստաբանը:

Բողոքի ցույցի մանրամասները` տեսանյութում:

Անուշ ԲՈւԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031