«Սամվել Բալասանյանը կուսակցական որոշում չի խախտել: «Բարգավաճ Հայաստանը» կայացրել է որոշում՝ նախագահական ընտրություններում որեւէ մեկին չսատարելու մասին եւ կուսակցությունը որեւէ մեկին չի սատարում»,- Aravօt.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ պատասխանելով հարցին՝ կենթարկվի՞ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կուսակցական տույժի՝ կուսակցական որոշումը խախտելու համար:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն որոշում էր կայացրել նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու եւ որեւէ մեկի թեկնածությունը չսատարելու մասին: Իսկ երեկ, Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
ԲՀԿ մամուլի խոսնակը նաեւ հավելեց, որ որեւէ մեկն իրավունք չունի բռնանալ՝ «մասնավոր անձանց որոշումների վրա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ