Վրաստանի նախագահը մնում է համոզված, որ հայկական ուղին իր երկրի համար չէ։
«Հայկական ուղին Թբիլիսիի համար չէ», – համոզված է Վրաստանի նախագահը։ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է հակադարձել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ անցած հինգշաբթի Երեւանում հնչեցրածհայտարարություններին։
Այս անգամ Սաակաշվիլին իր քաղաքական թիվ մեկ ընդդիմախոսին քննադատելու համար օգտագործեց Եվրոպայի խորհրրդի Խորհրդարանական վեհաժողովի ստրասբուրգյան ամբիոնը։
«Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն Վրաստանի համար պարզապես գործընկերներ չեն։Դրանք ընտանիքներ են, որոնց մենք ցանկանում ենք մաս կազմել։ Դա է մեր ներքին բարեփոխումների նպատակն ու արտաքին քաղաքականության տեսլականը։ Սա է այն զարմանքի պատճառը, որ հարուցեցին վարչապետ Իվանիշվիլիի՝ Հայաստան, Երեւան կատարած այցի ընթացքում արված հայտարարությունները։ Այնտեղ նա հայտարարեց, թե երկիրը պետք է լավ հարաբերություններ ունենա թե՛ ՆԱՏՕ-ի եւ թե՛ Ռուսաստանի հետ։ Իվանիշվիլին տարօրինակ հավասարության նշան դրեց այս երկուսի միջեւ եւ որպես օրինակ մատնանաշեց մեր հայ բարեկամներին», – հայտարարեց Սաակաշվիլին՝ Իվանիշվիլիին փաստորեն մեղադրելով Վրաստանի ազգային շահերին դավաճանելու մեջ։
Կարդացեք նաև
«Մի քանի օր առաջ արված վարչապետի հայտարարությունները փոխում են այն ամենը, ինչ մենք ասում էինք վերջին տարիների ընթացքում։ Նա փաստորեն հրաժարվեց Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից. ահա թե ինչ են նշանակում այս հայտարարությունները», – համոզված է Սաակաշվիլին։
Վրաստանի նախագահը, օգտագործելով առիթը, նաեւ խստորեն քննադատեց Իվանիշվիլիի կառավարության որդեգրած ներքին քաղաքականությունը՝ պնդելով, թե նոր իշխանությունների նպատակը քաղաքական ընդդիմախոսների վերջնական չեզոքացումն է։
«Մենք արդեն իսկ տեսել ենք, թե նոր իշխանությունների կողմից իրականացված վերջին ձերբակալությունների շարքն ինչպես է հրապարակայնորեն շաղկապվում ընդդիմադիր գործունեության հետ։ Արդեն իսկ մամուլում հայտարարություններ են հնչել, թե որն է նոր կառավարության առաքելությունը՝ այն ցանկանում է դատական մեթոդներով կազմաքանդել Ազգային միացյալ շարժումը, ճնշման են ենթարկվում այն դատավորները, որոնք փորձում են անկախություն պահպանել, անդադար հարձակումների են ենթարկվում անկախ լրատվամիջոցները՝ սկսած Վրաստանի հանրային հեռարձակողից», – ասաց Սաակաշվիլին։
Նրա խոսքով, սակայն, այժմ առաջանահերթությունը ոչ թե իշխանության երկու թեւերի միջեւ բնականոն հարաբերությունների վերականգնումն է, այլ երկրի կառավարման գործուն մեխանիզմների պահպանությունը. – «Խոսքը ոչ թե կողմերի հաշտեցման, այլ կայուն քաղաքական համակարգի գոյության մասին է, որը հնարավորություն կտա տարբեր կարծիքներ հնչեցնել։Անկախ դատարաններ, անկախ լրատվամիջոցներ, զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ՝ այս ամենը կբացառի իրավիճակի անվերահսկելի զարգացումը նույնիսկ այն դեպքում, երբ մարդիկ արհամարհում կամ հարվածում են միմյանց»։
Միխեիլ Սաակաշվիլին Ստրասբուրգում չշրջանցեց նաեւ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ստեղծված իրադրությունը՝ պաշտոնական Մոսկվային մեկ անգամ եւս մեղադրելով վրացական տարածքների օկուպացիայի մեջ։
«Ռուսաստանը կաշառեց Օվկեանիայի երկու գաճաճ պետություններին՝ Նաուրուին եւ Տուվալուին, որպեսզի նրանք ճանաչեն [Աբխազիան եւ ՀարավայիՆ Օսիան]։ Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպեց Տուվալուի վարչապետի հետ Նյու Յորքում։ Մոտ երեք ժամ տեւած հանդիպումից հետո նրան նստեցրեցին օդանավ՝ Նյու Յորքից հասցրեցին Սոչի, ապա տարան Աբխազիա, որտեղ էլ նա ստորագրեց ճանաչման մասին փաստաթուղթը։ Այսպես մեծն Ռուսաստանը Տուվալու կղզու հետ երկարատեւ բանակցություններից հետո կարողացավ միջազգային լուրջ ճեղքման հասնել՝ եւս մեկը իրենից բացի ճանաչեց Աբխազիայի օկուպացիան», – հեգնեց Վրաստանի նախագահը։
Գեւորգ Ստամբոլցյան
«Ազատություն» ռադիոկայան