Լրահոս
Օրվա լրահոսը

2012թ.-ին թվայնացվել է Հայաստանի ազգային արխիվի 220.000 փաստաթուղթ (Տեսանյութ)

Հունվար 22,2013 17:21

«2012թ.-ին Հայաստանի ազգային արխիվ է դիմել շուրջ 25.800 քաղաքացի, որից 23.000-ը ստացել է դրական պատասխան, իսկ բացասական պատասխանները պայմանավորված են 1990-ականների էներգետիկ ճգնաժամով, երբ պարզապես այրվեցին մի շարք կազմակերպությունների արխիվներ»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը եւ հավելեց, որ քաղաքացիներին մեծամասամբ հետաքրքրել են իրենց պապերի մասին տեղեկությունները:

Վիրաբյանը հայտնեց, որ ներկա դրությամբ արխիվում պահվում է 800 ամսագիր, որից թվայնացված է 750-ը, շուրջ 1000 վավերագրական ֆիլմ (թվայնացված է 300-ը), 600 խաղարկային ֆիլմ, որոնց թվայնացումը գրեթե ավարտված է, ինչպես նաեւ՝ մոտ 1000 հոլովակ, որոնք թեեւ ժամանակին ֆիլմ չեն դարձել, սակայն արժեքավոր են:

Ամատունի Վիրաբյանը նշեց, որ արխիվի առջեւ առաջնահերթ դրված է նյութերի թվայնացման խնդիրը. «2011-ին թվայնացվել է 60.000 էջ փաստաթուղթ, 2012-ին՝ 220.000: Սակայն դա կազմում է մեր ունեցած փաստաթղթերի 0,05 տոկոսը: Հարցն այն է, որ գնալով կիրառելի են դառնում էլեկտրոնային փաստաթղթերը, ինչպես Էստոնիայում եւ Լեհաստանում, որտեղ բարձր է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մակարդակը: Այսօրվա սերունդը էլեկտրոնային փաստաթուղթ է պահանջում: Այդ պատճառով կառավարության 2013թ. ծրագրում ներառվել է «Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործում բարեփոխումների իրականացման հայեցակարգի» նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է արխիվը զինել ժամանակակից տեխնոլոգիաներով, ստեղծել ներքին կորպորատիվ ցանց, կապի մեջ լինել տեղական ինքնակառավարման մարմինների հետ»:

2012թ. հրատարակություններից Ազգային արխիվի տնօրենը հատկապես կարեւորեց Ցեղասպանությունը վերապրածների փաստագրությունն ամբողջացնող եռհատորյակը, իսկ առաջիկայում կհրատարակվի «Հայերի կոտորածները Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներում» ռուսալեզու երկհատորյակը. «Բացի այդ, աշխատելու ենք ցեղասպանության ենթարկվածների տվյալները եւ կրած նյութական վնասները հրապարակելու ուղղությամբ»:

Վիրաբյանը նաեւ ասաց, որ երեկ ընթերցել է 1924թ. մի նամակ, որում Ցեղասպանության հետեւանքով որբացած աղջիկը հորեղբորը խնդրում է գալ իր ետեւից:
Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031