Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ նույնը չի կարելի կիրառել ԼՂՀ-ին առնչվող հարցերի քննարկումների ժամանակ»

Հունվար 22,2013 16:23

Այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Կոսովոյի իրավիճակի վերաբերյալ քննարկումների ժամանակ ելույթով հանդես եկավ Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա կարևորեց ԵԽ-ի դերին Կոսովոյում։ Տիկին Զոհրաբյանը՝ համաձայնելով զեկուցող Վոն Սիդովի հետ նշեց. «Չնայած ԵԽ-ն Կոսովոյի հանդեպ պահպանում է չեզոքություն, սակայն, անկախ Կոսովոյի կարգավիճակից, այնտեղ ապրող մարդիկ պետք է ունենան լավ կառավարում, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն եւ օգտվեն մարդու իրավունքների բոլոր սկզբունքներից, ինչպես Եվրոպայի ցանկացած  ժողովուրդ։ Այդուհանդերձ, պարոն Վոն Սիդովի զեկույցը ինձ ստիպում է զուգահեռներ անցկացնել Եվրոպայի տարածքում գտնվող մեկ այլ, դեռեւս չճանաչված պետության՝ Լեռնային Ղարաբաղի հետ, որն իր անկախությունը հռչակել է նույն հիմքերով, ինչ որ Կոսովոն։ Ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր անկախությունը հռչակել է միջազգային բոլոր նորմերի համաձայն եւ Հաագայի արդարադատության դատարանի վճիռը Կոսովոյի վերաբերյալ մեկ անգամ եւս փաստում է, որ անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին։ Ավելին, չլինելով  ԵԽ անդամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամովին ստանձնել է ԵԽ բազմաթիվ պարտավորություններ՝ միակողմանի միանալով միջազգային տարբեր կոնվենցիաների եւ դրանով իսկ հավաստելով իր հավատարմությունը եվրոպական արժեքներին»։

Դիմելով իր գործընկերներին՝ տիկին Զոհրաբյանը շեշտեց, որ միանգամայն ընդունելի է ժամանակին Վեհաժողովի Բյուրոյի գործունեության վերաբերյալ ընդունված զեկույցի այն եզրահանգումը, որ  բոլոր այն դեպքերում, երբ մեր կառույցի օրակարգում քննարկվելու է Կոսովոյին առնչվող կոնկրետ հարց, այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչները կարող են հրավիրված լինել այդ  քննարկումներին։  Ու միևնույն  ժամանակ նշեց. «Սակայն, ես ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ նույնը չի կարելի կիրառել Լեռնային Ղարաբաղի հանրապետությանն առնչվող հարցերի քննարկումների ժամանակ եւ ապահովել այդ երկրի խորհրդարանի պատգամավորների  ներկայությունն ու մասնակցությունը։ Սա կլիներ իրապես արդար որոշում՝ համահունչ մեր կառույցի հիմնարար արժեքներին։ Բյուրոյի գործունեության վերաբերյալ նույն զեկույցում նշվում է, որ Կիպրոսի հյուսիսային մասի եւ Պաղեստինի համայնքների ներկայացվածությունը մեր Վեհաժողովում արդյոք կարո՞ղ է նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի համար։  Կարծում եմ, կարող է լինել եւ սրա շուրջ արժե մտածել։ Այլապես, մեր Վեհաժողովը փորձում է Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման ինչ-ինչ հանձնաժողովներ ստեղծել, որոնք, վստահաբար, կարող են վնասել այն բարի նպատակներին, որոնք, հույս ունեմ, ունի  մեր կառույցը» ։

Անդրադառնալով Վոն Սիդովի այն մտքին, որ ԵԽ-ն պետք է առավել ակտիվացնի իր ազդեցությունն ու ներգրավվածությունը Կոսովոյում՝ ապահովելով Կոսովոյի իշխանությունների հետ կապերը բոլոր մակարդակներում, Ն. Զոհրաբյանն ասաց, որ ինքը հույս ունի, որ հեռու չէ այն ժամանակը, երբ Եվրոպայի խորհուրդը կընդունի, որ  չկարգավորված հակամարտությունը չի կարող արդարացնել մարդու իրավունքի որեւէ ոտնահարում։ Եվ որ Լեռնային Ղարաբաղում ապրում են մարդիկ, որոնք ունեն նույն իրավունքները, ինչ որ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը։

Ամփոփելով՝ տիկին Զոհրաբյանն ասաց. «Ուզում եմ հավատալ, որ Կոսովոյի իշխանություններն ու ժողովուրդը, միջազգային հանրության, նաեւ մեր աջակցությամբ,  կփորձեն կառուցել իրապես դեմոկրատական պետություն։ Այնպիսի պետություն, որը այսօր կառուցում է դեռեւս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031