Լրահոս
Օրվա լրահոսը

Ռագըփ Զարաքոլու. «Ղարաբաղի հարցում Թուրքիան վարում է երկերեսանի քաղաքականություն» (Տեսանյութ)

Հունվար 22,2013 16:11

Ըստ թուրք գրողի՝ հայ-թուրքական հարաբերությունները կենտրոնացել են Ղարաբաղի խնդրի շուրջ

«Սիվիլիթաս» հիմնադրամն այսօր «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կազմակերպեց հանդիպում լրագրող Թաթուլ Հակոբյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ, թուրք գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի մասնակցությամբ՝ «Թուրքական տեսակետը Ղարաբաղյան հակամարտության շուրջ» թեմայով:

Թաթուլ Հակոբյանը դիտարկեց Թուրքիայի ունեցած դերակատարությունը՝ 1918-1920թթ Ադրբեջանի հիմնադրման հարցում. «Այդ ժամանակ Թուրքիան մեռնող կայսրություն էր, բայց քեմալականները գործողություններ էին ծավալում Ադրբեջանում: Այնպես որ, Ադրբեջանը Թուրքիայի համար խորթ պետություն չէ: Ներկայումս թուրքական ընկալման մեջ Ղարաբաղյան հարցը ասոցացվում է հայկական պահանջատիրության հետ: Թուրքիայի պետական մտածելակերպի համաձայն` եթե այսօր հայերը պահանջում են Ղարաբաղը, վաղը կպահանջեն Նախիջեւանը, որի հարցում Թուրքիան առավել քան զգայուն է, հետո` Կարսն ու Արդահանը»:

Հակոբյանը հավելեց, որ Ղարաբաղյան հարցը, Ցեղասպանությունը եւ Հայաստանի կողմից ժամանակին թուրքական պետությունը չճանաչելը պատրվակ են Թուրքիայի համար` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու գործում. «Եթե անգամ Ղարաբաղյան հարցը լուծվի, Թուրքիան Հայաստանի հետ չի հաստատի դիվանագիտական հարաբերություններ, քանի դեռ Հայաստանը «սպիտակ թղթի վրա սեւով չի գրել», որ չունի տարածքային պահանջներ եւ չի միջազգայնացնի Ցեղասպանության ճանաչման խնդիրը»:

Ռագըփ Զարաքոլուի խոսքով. «Թուրքիան կարողանում է բարձրացնել Ղարաբաղյան հարցը միջազգային ատյաններում, սակայն չի ուզում նույն հնարավորությունը տալ Հայաստանին: Սա Թուրքական պետության երկերեսանի քաղաքականության հիմնական օրինակներից է: Մի հարցում, որը չի վերաբերում իրեն, Թուրքիան կանգնում է Ադրբեջանի կողքին եւ Ղարաբաղին իրավունք չի տալիս ամրագրել իր ապագան: Այսպես, հայ-թուրքական հարաբերությունները կենտրոնանում են ղարաբաղյան հարցի շուրջ, Թուրքիան էլ ուզում է, որ Հայաստանը մոռանա 1915թ-ը»:

Զարաքոլուն կարծում է, որ Թուրքիայի վերոհիշյալ կեցվածքը Ղարաբաղյան հարցի լուծման խոչընդոտներից է, մինչդեռ Թուրքիան կարող էր վերանայել իր քաղաքականությունը եւ Հայաստանի հետ հաստատել լավ հարաբերություններ:

Թուրք հրատարակիչը նաեւ ասաց, որ հայ-թուրքական արձանագրությունների տապալման պատճառը Թուրքիան է. «Նրա վերաբերմունքը Հայաստանի հանդեպ վտանգավոր ազդեցություն է թողնում տարածաշրջանի վրա եւ հանգեցնում տարածաշրջանային ճգնաժամի: Բացի այդ, Թուրքիայում այսօր գործում է թուրքերի հետ միասնաբար հանդես եկող ադրբեջանական մեծ լոբբի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031