Թենի Մաթյանը՝ ժամանակակից պարարվեստի մասին
Վերջին շրջանում Երեւանի օպերային թատրոնում ականատեսը եղանք Պիացոլայի տանգոյի երաժշտությամբ բեմադրված ժամանակակից պարի: Որոշ ժամանակ անց հեղինակը՝ բեմադրիչ Ռուդոլֆ Խառատյանը ներկայացրեց 3D ծրագիր, որում ընդգրկված էին նաեւ ժամանակակից խորեոգրաֆիայով բեմադրված համարներ: Անցյալ տարի էլ իրենց «մինի» ներկայացումները հանդիսատեսին ներկայացրին նաեւ երիտասարդ բեմադրիչները: Բալետային արվեստի մասնագետները հրաժարվեցին «Առավոտի» հետ զրուցել կոնկրետ խառատյանական ժամանակակից «մինի» ներկայացումներից: Հայտնեցին միայն, որ 20-րդ դարասկզբից սկսած՝ եվրոպացի պարողներն են սկսել պայքարել դասական բալետի խիստ շարժումների դեմ, բալետի զգեստների փոխարեն օգտագործելով իրենց հարմար հագուստներ եւ հաճախ բեմ դուրս եկել ոտաբոբիկ: Իսկ ժամանակակից պարի առաջամարտիկներից է ամերիկացի հանրահայտ խորեոգրաֆ Մարթա Գրահամը:
«Առավոտը» զրույցի հրավիրեց ծնունդով Իրանից, վերջերս հայրենիքում հաստատված՝ ժամանակակից պարի եւ ռեժիսուրայի մասնագետ Թենի Մաթյանին (լուսանկարում), ով ավարտել է Լոնդոնի Ռոյալ ակադեմիան եւ «Սալֆորդ» համալսարանը, ներկայումս էլ ժամանակակից պար եւ ռեժիսուրա է դասավանդում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:
Նախ հետաքրքրվեցինք, թե որտեղի՞ց սերը դեպի ժամանակակից պարային արվեստ, այն դեպքում, երբ ծննդավայրում այն արգելված է եղել: «Թեեւ Իրանում արգելված էր, սակայն գաղտնի պարի երկու դպրոց էր գործում՝ Մադամ Ելենայի եւ Ջամբազյանի: Վերջին շրջանում, իհարկե, պարի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, Իրանի հայկական մշակութային կենտրոններն էլ հաճախ Հայաստանից հրավիրում են առայժմ հատուկենտ պրոֆեսիոնալ պարողների»:
Խոսելով Մեծ Բրիտանիայում ստացած ուսման մասին, Թենի Մաթյանն ասաց. «Ռոյալ ակադեմիայում, որտեղ ես գրանցված պարուսույց եմ, սովորելու ժամանակահատվածում ուսումնասիրել ենք դասական, ժամանակակից եւ տարբեր ազգերի պարեր, իսկ ուսման ավարտին, քանի որ մասնագիտացումը կատարվում է սովորողի ցանկությամբ, ընտրել եմ ժամանակակից պարը: «Սալֆորդ» համալսարանն ավարտելուց հետո ստացել եմ ժամանակակից պարի ռեժիսորի որակավորում: Ընդ որում, ուսումնառությանս ժամանակ դասախոսներս էին ճանաչված խորեոգրաֆներ, ովքեր ժամանակին ուսանել են ԱՄՆ-ում՝ Մարթա Գրահամի ու նրա սան Մըրք Քյուրնինգամի եւ անգլիացի Լաբանի հիմնած համաշխարհային ժամանակակից պարի կենտրոններում»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ 2010-ին գալով Երեւան, հրավիրվել է դասավանդելու Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում եւ արդեն տեղի ուսանողների մասնակցությամբ Վահան Արծրունու եւ բրիտանաբնակ կոմպոզիտոր Արթուր Բոբիկյանի երաժշտությամբ իրականացրել է երկու ներկայացում, հիմա էլ պատրաստվում է ուսումնական տարվա վերջում ինստիտուտի թատրոնում եւս մեկ բեմադրություն հանձնել հանդիսատեսի դատին: Ռեպլիկին, թե իր ղեկավարած կուրսում ուսանում են Ազգային օպերային թատրոնի մենապարողներ, արդեն ճանաչված բալետի արտիստներ Սեւակ Ավետիսյանը, Սյուզաննա Փիրումյանը, նույնիսկ պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանը՝ երեւի ընդամենը պարային ռեժիսորի դիպլոմի համար, Թենի Մաթյանը նշելով, որ բալետի արտիստները հաճույքով են հաճախում դասերի, պատասխանեց. «21-րդ դարում ժամանակակից պարերը բազմազան են, իսկ ցանկացած պարային ոճեր կարելի է «միքսել», ստանալով ժամանակակից պար: Ինչ վերաբերում է պարային ռեժիսորի մասնագիտությանը, ապա առաջին հերթին պետք է ունենալ բեմադրիչին հարիր հարուստ ներաշխարհ, որպեսզի դրա հետ համադրվի նաեւ ստացած գիտելիքները»:
Մեր զրուցակցին խնդրեցինք խոսել մեզանում բեմ բարձրացած մի քանի ժամանակակից բալետային փոքր ներկայացումների մասին: Դա շրջանցելով, Թենի Մաթյանն ընդամենն ասաց. «Մեր ժամանակներում կարելի է ուսում ստանալ կամ, ավելի ճիշտ՝ ուզած ոլորտ ուսումնասիրել youtube-ում եղած տեղեկություններով: Հայաստանում մինչ օրս չեմ հանդիպել ժամանակակից պարի կամ բալետի մասին գիտական եւ ոչ մի աշխատության: Կայքում տեղադրվում են միայն պարին ու բալետաշխարհին վերաբերող տեսանյութեր: Անհրաժեշտ է, որ մենք մեր ձեռագիրն ունենանք, այլ ոչ թե ժամանակակից որեւէ գործ բեմադրելիս օգտվենք youtube-ից… Այ թե ինչի համար է անհրաժեշտ մեր ոլորտում բարձրագույն կրթությունը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ