Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիելթորները 60 հազարի տակից դուրս չեն գա (Տեսանյութ)

Հունվար 22,2013 15:52

Ըստ նրանց, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը ոչ թե բյուջեն, այլ ՝գործազուրկների բանակը կհամալրի:

Անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությունը կհարկվի ամսական 60 հազար դրամով: «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում այս փոփոխությունը հարուցել է անշարժ գույքի բիզնեսով զբաղվող ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը: Այսօր «Հայելի» ակումբում Բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբլինսկին եւ ԱՐ-ԳՈ անշարժ գույքի գործակալության ղեկավար Արայիկ Գոջաբաշյանը այդ օրենքի կիրառության պարագայում կանխատեսեցին աշխատատեղերի կրճատում, անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության դադարեցում, ոլորտում ստվերային հատվածի կտրուկ ավելացում, սպասարկման որակի անկում, ներդրումների հոսքի նվազում եւ շինարարության անկում, արտագաղթի աճ եւ այլն:

«Մենք փողոց դուրս չենք գալու եւ միտինգային տրամադրություններ չունենք, մենք չենք ուզում այս հարցը քաղաքականացնել, սա տնտեսական հարց է, ուզում ենք, լուծել օրենքի դաշտում»,-նկատեց Արայիկ Գոջաբաշյանը:

Ռիելթորները պատրաստ են նստել սեղանի շուրջ եւ մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ քննարկել` ցույց տալու համար, որ «բարեփոխված» օրենքը լուրջ վնաս կհասցնի անշարժ գույքի շուկային: Ոլորտի ներկայացուցիչների հետ որեւէ մի պետական մարմին հարցը չի քննարկել, անշարժ գույքի բիզնեսով զբաղվողները նույնիսկ հստակ չգիտեն միայն գործակալների համա՞ր են վճարելու, թե գործակալության բոլոր աշխատողների: Այդուհանդերձ, ըստ նրանց, 60 հազար դրամը շատ մեծ թիվ է:

«15-20 հազարը սոցիալական վճարներ ենք կատարում, նոր օրենքով գումարած 60 հազար էլ պետք է վճարել, այսինքն` ամեն աշխատողի համար 75-80 հազար դրամ է կազմում վճարը»,- ասաց Արտյոմ Պրիբլինսկին. «Նրանք փորձել են պայքարել ստվերի դեմ, բայց այդ պարագայում ստվերը ավելի է շատանալու: Մենք պատրաստ ենք վճարել շրջանառության հարկ: Ունենք այսքան շրջանառություն դրա 5 %-ը կվճարենք: Անշարժ գույքի ոլորտը դեռեւս ճգնաժամից դուրս չի եկել»:

Հարցին, թե ՀՀ կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է արձանագրել, կադաստրի պետական կոմիտեի ոլորտի պատասխանատուներն էլ անշարժ գույքի շուկայում այս տարի աշխուժություն են նկատել, արդյոք այդպե՞ս է, պարոն Պրիբլինսկու պատասխանը` տեսանյութում.

 

Արայիկ Գոջաբաշյանի հաշվարկներով, 10 աշխատողի դեպքում գործակալությունը պետք է ամիսը 600 հազար դրամ, տարեկան էլ 7 միլիոն 200 հազար դրամ վճարի. « Հարկերն ավելանում են ավելի քան երեք անգամ: Կադաստրի պաշտոնական տվյալներով 2011 թվականին ԱՐ-ԳՈ անշարժ գույքի գործակալությունը 15 գործարք է արել, շրջանառությունը կազմել է 9 միլիոն 362 հազար դրամ, 2012-ին 14 գործարք ենք կատարել, շրջանառությունը կազմել է 8 միլոն 264 հազար: Հինգ տարի գոյատեւել ենք, մեր ֆիրմայի 2011 թ-ի եկամուտը կազմել է 2 միլիոն 553 հազար դրամ: Եթե ես հարկվեմ 60 հազարով, 7 միլիոն 200 հազար տարեկան հարկ եմ վճարելու, այսինքն` այս շահույթից 5 միլիոն դրամ էլ ավել»:
Ոլորտի մասնագետները վստահեցրին, որ անշարժ գույքի շուկայի որեւէ մի մասնակից այս օրենքի փոփոխությունից տեղյակ չի եղել. «Մոտ 30 գործակալության տնօրենների հարցում ենք արել, որեւէ մեկը տեղյակ չի եղել, որ այդպիսի փոփոխություն է սպասվում: Տեղեկացել ենք միայն ուժի մեջ մտնելուց հետո»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031