«Գործող նախագահի հարցազրույցը եւ քարոզարշավի առաջին օրը արագացրեցին դեպքերը, երբ ակնհայտ դարձավ, թե ինչպես են ընթանալու 2013-ի նախագահական ընտրությունները: Ծրագրային մրցակցությունն անիմաստ է, նման բան չի լինելու: Իսկ նա, ով ասում է ծրագիր է ներկայացնում եւ այլն, ծիծաղելի է: Ենթադրենք՝ հիմա Բագրատյանն ու իշխանությունները ծրագրերով պիտի մրցեն: Ենթադրենք՝ Տիգրան Սարգսյանն ասում է՝ կովերի կրծքերը պետք է գոլ ջրով լվանալ, Բագրատյանն էլ ասի՝ չէ, կովի ամուսինը լվացումները կանի.. Դա մրցակցություն չի, ոչ էլ քամի անելով է, որովհետեւ արդեն 5 տարի է՝ Բագրատյանը, իշխանությունները քամի էին անում:
Հիմա ավելի դժվար է լինելու թեկնածություն հանելը, քան՝ առաջադրվելն էր, լինելու են սպառնալիքներ: Նրանք, ովքեր կհանեն թեկնածությունը՝ կնշանակի անկախ էին»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Թեկնածուն, խոսելով իր ծրագրից, համոզմունք հայտնեց, որ նպատակահարմար է, որպեսզի բոլոր թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը՝ Սերժ Սարգսյանին թողնելով մենակ:
Արամ Հարությունյանը հայտարարեց. «Ես ամսի ութին, ժամը հինգին հանելու եմ իմ թեկնածությունը եւ նստելու եմ հացադուլի ընդամենը մեկ օր, ամսի յոթից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ: Ես հացադուլին դիմանալու խնդիր չունեմ, բայց մեկ օր եմ նստելու, իսկ ամսի ութից հետո նոր գործընթացներ են սկսելու, բայց մինչ այդ նախապատրաստվելու եմ, ու չեմ ասի՝ ինչին, որովհետեւ իշխանություններն էլ են ուզում իմանալ»:
Հարությունյանը դիմելով լրատվամիջոցներին՝ հորդորեց չնպաստել, որպեսզի ընտրությունները դիտարկվեն իբրեւ լեգիտիմ:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ