«Առավոտ երիտասարդականը» պարբերաբար անդրադառնում է տարվա ամենաքննարկվող երգի մրցույթի՝ «Եվրատեսիլի» նորություններին: Ամիսներ անց՝ մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը:
Վերջերս տեղեկացրել էինք, որ «Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան մասնակցին ընտրելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: Այսօր արդեն փոփոխություններ են եղել: Հանրային հեռուստաընկերությունը հանդես է եկել նոր հաղորդագրությամբ, որում նշված է. «Հաշվի առնելով մրցույթին մասնակցել ցանկացող հեղինակների զգալի թիվն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից` նրանց հնարավորություն կընձեռվի ներկայացնելու իրենց ստեղծագործությունները հեռուստադիտողի եւ պրոֆեսիոնալ ժյուրիի դատին՝ ապահովելով առողջ մրցակցություն»:
Այսպիսով, մարտի 2-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի կունենա «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան ազգային ընտրությունը, որի ընթացքում գեղարվեստական հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցը կկատարի մրցութային երգերը:
Նշենք նաև, որ մասնակցության հայտերն ընդունվում են այսօրվանից՝ հունվարի 22-ից մինչև փետրվարի 20-ը:
Տիգրանուհի Թասլակյան