«Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջը «նորաթուխ» հակակշիռ ունի
Շտեմարանային «պատերազմը» շարունակվում է նաեւ սոցցանցերում. Facebook-ում գործող «Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջը մի քանի օր է՝ ունի իր նորաստեղծ «հակակշիռը»՝ «Այո շտեմարաններին»:
Վերջինիս նպատակն էլ, ինչպես նշված է էջում, շտեմարաններից դժգոհողների դեմ պայքարն է: «Այո շտեմարաններին» էջում զետեղված են մամուլի այն հրապարակումներն ու շտեմարանի համահեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի հարցազրույցը, որոնցով արդարացվում են առաջադրանքների վիճարկելի ժողովածուները: Շտեմարանանպաստ նյութեր կան նաեւ ԳԹԿ-ի կայքից զետեղված:
«Այո շտեմարաններին» էջի ադմինիստրատորն ու այցելուները տարածում են կոչեր, թե մեր երեխաների կրթությունն ապահով ձեռքերում է:
Կարդացեք նաև
«Այո շտեմարաններին» էջում տեղադրված է նաեւ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանի՝ Aravot.am –ին տված հարցազրույցը, որտեղ մասնագետը խոտան է համարել եւ հեգնել է, թե ստեղծվել է Երկիր մոլորակի ամենալավ շտեմարանը: Ասվածը այս էջում կարծես իբրեւ հեգնանք չի ընկալվել, մանավանդ հարցազրույցը հատուկ տարածվել է, ավելին՝ like է վաստակել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ