Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել գյուղատնտեսական համատարած հաշվառմանը վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաև միջազգային դոնոր կազմակերպությունների, Համաշխարհային բանկի և տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացումը կարևորել է մի քանի տեսակետից: «Մենք երբևէ այսպիսի հաշվառում չենք իրականացրել և խիստ անհրաժեշտ է իմանալ՝ ինչպիսին է իրական պատկերը գյուղատնտեսության ոլորտում: Գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում վերջին 5 տարիների ընթացքում էապես ավելացել է, ինչը պայմանավորված է մեր երկրում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններով և իրականացվող ծրագրերով:
Այս բնագավառի համար կառավարությունը մշակել է նոր՝ գյուղի և գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ համալիր ծրագիր: Մենք այլևս չենք կարող գյուղատնտեսությունը դիտարկել գյուղի զարգացումից առանձին, քանի որ այն մարդիկ, որոնք չեն զբաղվելու գյուղատնտեսությամբ, պետք է գյուղում ունենան այլ աշխատատեղեր: Այդ ուղղությամբ իրականացվում են խոշոր ներդրումային ծրագրեր:
Մենք շահագրգռված ենք գյուղատնտեսության ոլորտում հաշվառմամբ և այն լինելու է կառավարության 2013-2016 թվականների կարևորագույն ծրագրերից մեկը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կարդացեք նաև
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին իր ղեկավարած կառույցի օժանդակությունն է հայտնել գյուղատնտեսական համատարած հաշվառման գործընթացին: Հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի կարևորությունը՝ Համաշխարհային բանկը 200 հազար դոլարի դրամաշնորհ է հատկացրել գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքներին օժանդակելու համար:
Ծրագրի աշխատանքներին իրենց աջակցությունն են հայտնել նաև Եվրամիության Թվինինգ ծրագրի և ԱՄՆ գյուղատնտեսական դեպարտամենտի ներկայացուցիչները:
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն իր հերթին նշել է, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումը թույլ կտա ձևավորել ամբողջական համակարգ՝ հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:
Գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակն է՝ տեղեկություններ հավաքագրել գյուղատնտեսական նշանակության հողերի, կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության շենք-շինությունների, մարդկային, նյութական ներուժի և դրանց օգտագործման վերաբերյալ: Նշվել է, որ ՄԱԿ-ի ուղեցույցների համաձայն՝ անդամ երկրները պարտավոր են առնվազն 10 տարին մեկ անգամ անցկացնել գյուղատնեսայկան համատարած հաշվառում, իսկ ՀՀ-ում գյուղատնտեսական համատարած հաշվառում երբևէ չի իրականացվել:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԼԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ