Սաակաշվիլին՝ վրաց-հայկական, վրաց-ռուսական հարաբերությունների մասին՝ ԵԽԽՎ ամբիոնից
«Մեզ հաջողվել է հաղթահարել հոմո սովետիկուսի սինդրոմը»,- երեկ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հայտարարեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Նա, խոսելով վերջին շրջանում Վրաստանի գրանցված առաջընթացի մասին ասաց, որ վրաց ժողովուրդն ապացուցել է, որ իր ընտրությունները Եվրոպան է: Սաակաշվիլին շեշտեց, որ վերջին տասը տարիների ընթացքում Վրաստանը եվրաինտեգրացիայի գործընթացներում առաջընթաց գրանցելու հարցում մեծ քայլեր է կատարել: Այս համատեքստում Սաակաշվիլին չմոռացավ հիշեցնել, որ այդ տարիներին երկրի որոշ շրջաններ ռմբակոծվել են, տեղի են ունեցել էթնիկ զտումներ:
Շարունակելով՝ նա նշեց, որ Ռուսաստանը շարունակում է իր քաղաքականությունը՝ վրացական գյուղեր են այրվում, ռմբակոծվում: Խոսելով ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին՝ Սաակաշվիլին նշեց, որ իրենց համար էական է հարևանների հետ հարաբերությունները, բայց միևնույն ժամանակ չպետք է զոհաբերել այլ առաջնահերթություններ:
Այս կապակցությամբ թուրք պատվիրակ Փելին Գյունդեշ Բակիրը հետաքրքրվեց, թե վրաց-ռուսական հարաբերություններում վարչապետ Իվանիշվիլին այլ մոտեցումներ ունի, հնարավո՞ր է այդ պատճառով երկրում քաղաքական անկայունություն առաջանա: Սաակաշվիլին պատասխաեց. «Ես լավատեսորեն եմ տրամադրված վրաց հասարակության նկատմամբ: Իսկ քաղաքականությունը ջրային սերֆինգի նման մի բան է: Դու սահում ես ալիքների վրայով, սակայն կգա մի պահ, երբ այդ ալիքները քեզ կծածկեն: Սակայն սա չի նշանակում, որ մեր բռնած ուղին պետք է փոխենք»:
Կարդացեք նաև
Խոսելով վրաց-հայկական հարաբերությունների մասին՝ Սաակաշվիլին նշեց, որ դրանք մի նոր մակարդակի վրա են և հավելեց, որ իր՝ հայ ազգի նկատմամբ սիրո համար, իրեն շատ են քննադատել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ