Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-ֆրանսիական կապերն անչափ ամուր են»

Հունվար 22,2013 13:35

ՀՀԿ պատգամավոր Մնացական Մնացականյանը պատմում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության մասին:

hay_frans

Մնացական Մնացականյանը (ձախից) եւ հայ համայնքի
ներկայացուցիչ Ժորժ Իսասյանը՝ Ցեղասպանության  90-ամյակի հուշարձանի մոտ:

– Պարոն Մնացականյան, վերջերս հանդիպումներից մեկի ժամանակ, երբ խոսվում էր հայ-ֆրանսիական բարեկամական կապերի մասին, որպես լավագույն համագործակցության օրինակ նշվեց ՀՀ Թալին քաղաքի եւ ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի միջեւ արդեն տասը տարուց ավելի գոյություն ունեցող համագործակցության մասին: Դուք, որպես Թալինի նախկին քաղաքապետ, ի՞նչ կասեք այս համագործակցության մասին, իրո՞ք այդքան արդյունավետ է ամեն ինչ:

– Թալին եւ Բուրգ լե Վալանս քաղաքների բարեկամությունը սկսվել է 1998-ից:

2001-ին այսօր արդեն հայտնի սենատոր Բեռնար Պիռասը ընտրվեց Բուրգ լե Վալանսի քաղաքապետ, իսկ 2002-ին ես ընտրվեցի Թալինի քաղաքապետ: Ամեն ինչ սկսվեց այդ օրերին: Մեր առաջին հանդիպման ժամանակ ես եւ Բեռնար Պիռասը, ով այսօր Դրոմի նահանգի սենատոր է, քույր-քաղաքների բարեկամության խմբի հետ որոշեցինք այն ուղղությունները, որոնցով պետք էր տանել հետագա համագործակցությունը: Սկզբնական փուլում որոշեցինք սկսել ֆրանկոֆոնիայի ուղղությամբ կատարվող քայլերից, համագործակցությունը սկսվեց կրթության եւ մշակույթի ոլորտներից: Թալինում բացվեց ֆրանսերենի անվճար խմբակ, մանկապարտեզում շաբաթական երկու օր գործում էր ֆրանսերենի ուսուցման խմբակ, ինչը դրական արդյունքներ տվեց եւ մինչեւ հիմա գործում է: Այդ խմբով անցած երեխաներն այսօր Ֆրանսիական համալսարանում են սովորում: Պայմանավորվածություն կա, որ Եվրոպայում ուսումը շարունակող Թալինի այն երեխաներին, ովքեր ֆրանկոֆոնիայի ուղղությամբ են շարունակելու, մեր ֆրանսիացի բարեկամներն օգնելու են ուսման վարձը վճարելու, բնակության հարցերը հոգալու եւ այլ խնդիրներում: Այդ պայմանավորվածությունները գործել են մինչեւ իմ քաղաքապետ աշխատած վերջին օրերը:

2005-ին Ֆրանսիայում «Հայաստանին բարեկամ» ծրագրի շրջանակներում Թալինի գեղարվեստի դպրոցի 20 սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք կազմակերպվեց Բուրգ լե Վալանսում: 2005-ին, երբ Բեռնար Պիռասը Հայաստան էր այցելել, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նրան պարգեւատրեց Ցեղասպանության 90 -ամյակի հուշամեդալով: Մինչ այդ, Բուրգ լե Վալանսում տարածք էր հատկացվել եւ Ցեղասպանության 90-ամյակի առիթով հուշահամալիր կանգնեցվեց: Այն հայկական տուֆից է, պատրաստվել է Թալինում: Պարոն Պիռասն այն սենատորներից է, ով ի սկզբանե աջակից է եղել Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Նա մեծ ներդրում ունեցավ Հայոց ցեղասպանությունը ժխտող օրինագծի մշակման եւ ընդունման ժամանակ: Վերջին այցելությունների ժամանակ հանգամանորեն խոսել ենք այդ մասին, եւ ես համոզված եմ, որ այդ նախագծի ճանաչումը իր տրամաբանական ավարտին է հասնելու:

2011-12թթ. եղել եմ Հայաստանի համայնքների ասոցիացիայի «Հայաստան-Ֆրանսիա» բարեկամության խմբի ղեկավարը, լավ ծանոթ եմ ֆրանսիական քաղաքների հետ բարեկամությանը: Եթե սկզբում 8-10 քաղաքների ու գյուղերի մասին էր խոսքը, այժմ արդեն շուրջ 40 նման բարեկամության օրինակ ունենք: Իմ կարծիքով, արդյունավետ աշխատելու դեպքում դա բավականին նպաստ է բերում մեր համայնքներին՝ եւ լեզվի իմացության, եւ փոխադարձ մշակույթների ճանաչման, ինչը աստիճանաբար բերում է նաեւ տնտեսական համագործակցության: Ֆրանսիական կողմի տրամադրած միջոցներով մեզ մոտ լուրջ աշխատանքներ են կատարվում: Արդեն համագործակցության օրինակներ կան նաեւ մարզային մակարդակով՝ Տավուշի մարզի եւ Օ դը Սեն նահանգների միջեւ: 2010-ին դարձյալ համատեղ համագործակցության արդյունքում Թալինում էկոլոգիական ծրագիր իրականացրեցինք, որն ավարտվեց 2011-ին: Դրանով մեզ հաջողվեց լուծել Թալինի աղբահանության խնդիրը, ինչի արդյունքում այսօր քաղաքում աղբավայր ունենք, 2 աղբատար մեքենա, 100 հատ 600 լիտրանոց աղբամաններ, որոնք բազմաբնակարան շենքերի եւ հիմնարկ- ձեռնարկությունների մոտ են տեղադրված: Այդ ընթացքում մեր քույր-քաղաքի կողմից նաեւ հինգ ավտոբուս է նվիրվել Թալինին, որոնք ծառայել են ուսանողներին Երեւան տեղափոխելու համար, տրամադրվել են մանկապարտեզների, դպրոցների էքսկուրսիաների համար:

– Ֆրանսիայի ավանդաբար հայաբնակ վայրերում այժմ գերակշռում են թրքալեզու բնակիչները: Մեր համայնքի վրա էապես ազդում է նաեւ հսկայական թուրքական կապիտալի մուտքը Ֆրանսիա: Այս պայմաններում չե՞ք կարծում, որ պետք է առավել ակտիվացնել համագործակցությունը:

– Հայ-ֆրանսիական կապերն այնպիսին են, այնքան ամուր, որ ոչ մի այլ հանգամանք դրանց չի կարող խանգարել: Այս ապակենտրոնացված համագործակցությունը նաեւ նպաստում է, որ հայ համայնքի շատ ներկայացուցիչներ էլ իրականում կապվեն հայրենիքի ու հայրենակիցների հետը: Շփումների ընթացքում այդ մարդկանց մոտ էլ հայացքների, մոտեցումների փոփոխություն է նկատվում: Այո, Թուրքիան ու Ադրբեջանն իրենց խավիարային դիվանագիտությամբ փորձում են պատմությունը խեղաթյուրել եւ անտեղյակ մարդկանց շրջանում դա արդյունք տալիս է: Բայց ՀՀ Ազգային ժողովի հայ-ֆրանսիական պատգամավորական խմբի անդամ պատգամավորների հանդիպումները մեր ֆրանսիացի գործընկերների հետ եւ Սենատում, եւ ԱԳՆ-ում, եւ այլ պաշտոնական շրջանակներում զգացնել են տալիս: 10 տարի առաջվա եւ այսօրվա միջեւ մարդկանց տեղեկացվածության առումով հսկայական տարբերություն կա: Ցավոք, կան սենատորներ, ովքեր իրենց շահից ելնելով «կուլ են գնում» թուրքական դիվանագիտությանը: Բայց քիչ չեն նաեւ այնպիսիք, ովքեր անշահախնդիր պայքարում են ճշմարտությունը տեղ հասցնելու համար եւ ամեն կերպ նպաստում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերում մեզ օգտակար լինելու համար. նրանք գիտեն ճշմարտությունը եւ մեզ հետ միասին պայքարում են հանուն պատմական ճշմարտության վերականգնման եւ դատապարտման:

Զրույցը վարեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031