Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվում եմ «Նախագահի մրցանակի դափնեկիր» կոչումիցս

Հունվար 22,2013 13:29

«Բաց  նամակ» ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Հանրապետության գիտության բնագավառում այսօր առկա բացասական երեւույթները երկրում արմատավորված քրեաօլիգարխիկ համակարգի ու նրա բարքերի ուղղակի արտապատկերումն են։ Այն, ինչ կատարվում է ամբողջ երկրում, չի կարող չանդրադառնալ նաեւ գիտության ոլորտին: Այստեղ նույնպես ծաղկում են կոռուպցիան, հովանավորչությունը, բյուջետային միջոցների չարաշահումներն ու խմբակային մոտեցումները։ Ոլորտը այլասերող ու քայքայող երեւույթները քանիցս փաստագրվել են նույնիսկ իշխանական համակարգի համապատասխան կառույցների կողմից։

Սակայն հատկապես վերջին զարգացումները ապացուցում են, որ դրությունը բնագավառում ավելի քան տագնապալի է։ Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի կողմից, փաստորեն, պատերազմ է հայտարարված գիտական գործունեության դեմ՝ ընդհուպ մինչեւ ոլորտի արմատախիլ անելը եւ նրա անվերադարձ վարկաբեկումը։

Երկրի իշխանությունները բացահայտ կերպով խրախուսում են «ուղեղների արտահոսքը», մեզանում սովորական են դարձել կասկածելի եղանակներով գիտական աստիճանների ձեռքգցումը պետական «բազմազբաղ» պաշտոնյաների եւ այլ պատահական դուրսպրծուկների կողմից, ինչպես նաեւ ակնհայտ զեղծարարություններով ակադեմիական տիտղոսներին տիրանալու հաջողված դեպքերը: Եվ այդ ամենը իրականացվում է իշխանությունների՝ գիտության հանդեպ խիստ «մտահոգ» կեցվածքով՝ տարատեսակ շոուներ կազմակերպելով, խրախուսանքի եւ պարգեւների արժանացնելով գիտության բնագավառը ամայացնող գործընթացների հեղինակներին։ Նշված երեւույթները զուտ «ներհամքարային» հարցեր չեն։ Այդ երեւույթները մսխում եւ քայքայում են երկրի կարեւորագույն ռեսուրսներից մեկը՝ գիտության բնագավառը։

Եթե նույնիսկ, անհրաժեշտ կամքի դրսեւորման պարագայում, համեմատաբար կարճ ժամանակահատվածում հնարավոր է բարելավել տնտեսության այս կամ այն հատվածը, ապա գիտության դեպքում պահանջվող հիմքերը դրվում են տասնամյակներով։ Հետեւաբար, այն, ինչ մենք կորցնում ենք այսօր, հնարավոր է, որ այլեւս երբեք չունենանք։

Հաշվի առնելով շարադրվածը՝ անիմաստ եմ համարում հետայսու կրել «Նախագահի մրցանակի դափնեկիր» կոչումը, որը ստացել եմ բնական գիտությունների բնագավառում 2007թ. ձեռքբերումների համար։ Ես հրաժարվում եմ այդ մրցանակից, եւ վերադարձնելու եմ դափնեկրի վկայագիրն ու մեդալը, ինչպես նաեւ համապատասխան դրամական պարգեւը՝ նման դեպքերում նախատեսված կարգի համաձայն։

Հայցում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, նախագծի դոնորի եւ համահեղինակներիս ներողամտությունը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի ԳՏԿ-ի ավագ գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031