Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է 1,5 տարվա ազատազրկման դատապարտվածին

Հունվար 22,2013 13:25

Համաներմամբ ազատ արձակված երիտասարդի բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ճանապարհային երթեւեկության ու տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար 1,5 տարվա ազատազրկման դատապարտված եւ համաներման ակտով պատժի կրումից ազատված Թադեւոս Գեւորգյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանի բողոքը եւ բեկանել ինչպես Լոռու մարզի առաջին ատյանի, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտերը` գործը ուղարկելով Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թադեւոս Գեւորգյանը իր կողմից վարած «ՎԱԶ 21-21» մակնիշի ավտոմեքենայով, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Սպիտակ-Երեւան ճանապարհի 1-ին կիլոմետրի վրա ավտոմեքենան վարելով սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ եւ դեպքի վայրի ճանապարհահատվածում իրականացնելով վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց երթեւեկելի ուղեմաս եւ ընկել ճանապարհին հարող հանդամասը: Արդյունքում՝ ավտոմեքենայի ուղեւոր Վարդան Արզումանյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Մինչ օրս նա չի կարողանում շարժվել, խոսել, լսել:

Հիշեցնենք, որ Թադեւոս Գեւորգյանը մեղադրվում էր նաեւ համագյուղացու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ:

Սակայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այս մեղադրանքում անմեղ էր ճանաչել երիտասարդին: Դատավճիռն էլ օրինական ուժ է ստացել:

Ruben-HakobyanԹադեւոս Գեւորգյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը, դիմելով ՀՀ վճռաբեկ դատարան, պահանջել էր իր պաշտպանյալին արդարացնել նաեւ ճանապարհային երթեւեկության ու տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու մասով:

Բացի 1,5 տարվա ազատազրկման դատապարտելն ու համաներման ակտով Թադեւոս Գեւորգյանին ազատ արձակելը, առաջին ատյանի դատարանը նաեւ որոշում էր կայացրել 2 տարի ժամանակով զրկել նրան վարորդական իրավունքից:

«Իմ պաշտպանյալը պիտի ամբողջությամբ արդարացվի նաեւ ՃՏՊ-ով, կամ էլ, հակառակ դեպքում, պետք է համաներման ակտի կիրառմամբ գործող վարույթը կարճվի, այլ ոչ թե պատիժ նշանակվի»,- բացատրում է Ռուբեն Հակոբյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն էլ, բեկանելով իր նախորդների կայացրած դատական ակտերը, եւս մեկ հնարավորություն է ընձեռում փաստաբանին ու նրա պաշտպանյալին վիճարկելու ավտովթարի հետ կապված հանգամանքներն ու գործը կրկին քննել:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031