Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս ընտրությունները սովորականի նման չեն ընթանա

Հունվար 22,2013 13:04

Երեկ մեկնարկեց նախագահական ընտրությունների քարոզարշավը: Պաշտոնական քարոզարշավից մեկ օր առաջ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հունվարի 20-ին «Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ հարցազրույցում հանդես եկավ մի շարք ոլորտների վերաբերյալ ծավալուն հարցազրույցով:

Սերժ Սարգսյանը կարեւորեց այն հանգամանքը, որպեսզի անցկացվեն այնպիսի ընտրություններ, որոնք ավելի մեծ վստահություն կներշնչեն ինչպես ժողովրդին, այնպես էլ գործընկերներին. «2012թ. տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ավելի շատ դրական, քան բացասական արձագանքներ ունեցան, իսկ սեպտեմբերին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները գնահատվեցին որպես եվրոպական չափանիշներին ամբողջովին համապատասխանող: Մենք 2012թ. այս ձեռքբերումները համարում ենք նվազագույն շեմ 2013թ. ընտրություններն անցկացնելու համար: Ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք անցկացնել այդպիսի ընտրություններ, որովհետեւ այդպիսի ընտրություններ անցկացնելը առաջին հերթին բխում է մեր շահերից, այնուհետեւ մեր գործընկերների շահերից»:

ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ս. Սարգսյանի հարցազրույցին՝ նախ նկատեց, որ որոշ առումներով այս ընտրությունների մեկնարկը շատ նման է նախորդ ընտրությունների մեկնարկին, բայց պարունակում է այնպիսի տարրեր, որոնք առկա չեն եղել նախկին ընտրություններում: «Իշխանական թեկնածուն արդեն երկրորդ անգամ է այդպիսի ծավալուն ճառերով հանդես գալիս, նախորդը ՀՀԿ համագումարի ելույթն էր: Նորություն թերեւս կարելի է համարել այն, որ այսօր ավելի շատ է խոսվում ընտրությունների վերաբերյալ վերաբերմունքի՝ հասարակության վերաբերմունքի, թեկնածուների վերաբերմունքի մասին, քան բուն ընտրական գործընթացի, ծրագրերի մասին։ Այս առումով աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Հացադուլն էլ աննախադեպ է, որովհետեւ որեւէ թեկնածու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին նման քայլ չի արել, եւ այստեղ կարեւորը հացադուլի պահանջն է՝ չեղյալ համարել իշխող կուսակցության թեկնածուի գրանցումը, որովհետեւ նա չարաշահում է իր դիրքը եւ ստեղծում է անհավասար պայմաններ: Չգիտեմ, թե սա ինչի կհանգեցնի, բայց, այնուամենայնիվ, այս ընտրությունները սովորականի նման չեն ընթանա, որովհետեւ դիսկուրսը փոխվել է, եւ իսկապես հասարակությունը կարծես լավ հնարավորություն է ստացել ճշտելու իր մոտեցումները իր քաղաքական վարքի նկատմամբ»։

Է. Վարդանյանի համոզմամբ՝ հասարակությունը բաժանվել է մի քանի խմբերի, եւ ակնհայտ է, որ հասարակական դիսկուրսում մեծամասնությունը անվստահություն է հայտնում իշխող ռեժիմին, սակայն այդ մեծամասնությունը բաժանվում է մի քանի խմբերի՝ կախված նրանից, թե ինչպես է տեսնում իր մասնակցությունը այս ընտրություններում: «Մի խումբն ասում է, որ ոչ մի կերպ պետք չի մասնակցել ընտրություններին, որովհետեւ դրանք իմիտացիա են։ Մյուս խմբի ներկայացուցիչը Անդրիաս Ղուկասյանն է, որը ասում է, որ ընտրությունները պետք է օգտագործել ռեժիմին հարված հասցնելու համար, եւ որպեսզի հասարակությունը վերջնականապես համոզվի, որ որեւէ հույս իշխանությունների հետ պետք չի կապել: Երրորդ խմբի ներկայացուցիչները կարծում են, որ պետք է մասնակցել ընտրություններին, պետք է հասարակությանը մոբիլիզացնել եւ օգտագործել առիթը՝ գաղափարներ տարածելու, իշխանություններին քննադատելու եւ իշխանությանը հաղթելու համար, թեեւ նրանք, ովքեր տեսնում են այդ հնարավորությունը, ասում են, որ ընտրությունները միշտ կեղծվել են, եւ կարծես թե նախադրյալներ չկան, որ այս անգամ էլ չեն կեղծվելու, չնայած որոշակի հույս կա, որ ճնշման արդյունքում հնարավոր կլինի այնպես անել, որ չկեղծվեն: Ուշադրությամբ պետք է հետեւել քարոզարշավին եւ ողջ ընտրական գործընթացին: Իմ կարծիքով՝ հիմնական թեմաներից մեկը բոլոր թեկնածուների քարոզարշավների ժամանակ լինելու է ընտրությունների հանդեպ վերաբերմունքի հարցը՝ մասնակցել-չմասնակցել, բոյկոտել-չբոյկոտել, ինչ կտա մասնակցությունը, ինչ չի տա… Սա հետաքրքիր իրավիճակ է ստեղծում հասարակության համար՝ վերաարժեւորելու իմաստով»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:

Փորձագետի համոզմամբ՝ Ս. Սարգսյանի գլխավորությամբ գործող թիմը փորձելու է ցույց տալ, որ ռեֆորմատորներ են, հավասարակշռված քաղաքականություն վարող են, որ իրենք արդեն իսկ հնարավորություն են ընձեռել ավելի դրական քարոզարշավ վարելու համար եւ փորձելու են հասարակությանը հասկացնել, որ մնացած բոլոր թեկնածուները ոչ լուրջ մրցակիցներ են։

Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին Սերժ Սարգսյանը արժանի մրցակիցներ է համարում, արդյունքում իշխանությունը կլուծի մի խնդիր, ինչի մասին խոսեց նույն հարցազրույցում՝ կարողանալու ենք անցկացնել այդպիսի ընտրություններ, որովհետեւ այդպիսի ընտրություններ անցկացնելը առաջին հերթին բխում է մեր շահերից, այնուհետեւ մեր գործընկերների շահերից: Այսինքն՝ իշխանությունը չի՞ լուծի այդ խնդիրը, հարցրինք Էդգար Վարդանյանին: Մեր զրուցակիցը չհամաձայնեց: «Ոչ, չի լուծվելու այդ խնդիրը, որովհետեւ մեկ բան է, երբ դու փորձում ես ներկայացնել ընտրությունները ժողովրդավարական, այլ հարց է՝ իսկապե՞ս ժողովրդավարական են, թե՞ ոչ։ Մի շարք հանգամանքներ նշելով՝ կարելի է ասել, որ ընտրությունները ժողովրդավարական չեն։ Խնդիրը այլ է՝ առանձին տարրերի առումով այն միգուցե ավելի լավ կազմակերպված լինի, քան նախորդ ընտրությունները, եւ այդ առանձին տարրերը մատնանշելով՝ իշխանությունը փորձելու է ցույց տալ, որ ընդհանուր առմամբ ընտրությունները շատ ավելի լավն են: Իրականում սա մանիպուլյացիա է»:

Իսկ հասարակությունը չի՞ ենթարկվի այդ «մանիպուլյացիային» եւ ընկալի այս ընտրություններն իսկապես ավելի լավը, քան նախորդները, հարցրինք Էդգար Վարդանյանին: «Որոշ մասը կարող է ենթարկվել, բայց դա կախված է նաեւ ընդհանուր առմամբ ընդդիմադիր քաղաքական էլիտայի պահվածքից: Ընդդիմադիր քաղաքական էլիտան, ընդդիմադիր դիրք ունեցողների խնդիրը պետք է այն լինի, որ թույլ չտան, որ այդ մանիպուլյացիան տեղի ունենա»:

Խորհրդարանական երեք ուժերը չմասնակցեցին ընտրություններին. եթե նրանք խնդիր դնեն վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները, արդյոք հասարակության մի հատված էլ նրանց դիրքորոշո՞ւմը չի համարի «մանիպուլյացիա»՝ այն առումով, որ եթե քաղաքական ուժերը չեն մասնակցել ընտրապայքարին, իշխանությանը մարտահրավեր չեն նետել, հետո ընդդիմադիր պահվածք դրսեւորելու, հետընտրական ընդվզում կազմակերպելը ընտրապայքարից հեռացածների կողմից կարծես այնքան էլ ընկալելի չի թվում:

«Այստեղ իսկապես իրենք բավական ծանր վիճակի մեջ են, որովհետեւ հասարակությունը փորձելու է հասկանալ, թե ընդհանրապես ո՞ւր են նրանք: Այս առումով կարող է եւ իսկապես նրանց այս կամ այն հայտարարությունը վստահություն չներշնչի հասարակությանը»,- նկատեց Էդգար Վարդանյանը: Բայց դա, ըստ նրա, կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ովքեր, անկախ նրանից՝ մասնակցում են ընտրություններին, թե ոչ, կամ ինչ կերպ են մասնակցում, բոլոր նրանք, ովքեր գիտակցում են, որ՝ «ռեժիմը մանիպուլյացիայի է ենթարկում» հասարակությանը, ովքեր գիտակցում են, որ Հայաստանը դեմոկրատական երկիր չէ, եւ իշխանությունների կողմից ձգտում չկա ժողովրդավարություն հաստատելու, պետք է բարձրաձայնեն, քայլեր ձեռնարկեն, ճնշում գործադրեն համակարգի վրա, այսինքն՝ պետք է ինքնակազմակերպվեն եւ շարժում ձեւավորեն: «Այսինքն՝ ամեն ինչ կախված է նրանից, թե հասարակության դեմոկրատական հատվածը ինչ է ցանկանում, այս հատվածի խնդիրն է, այս հատվածը պետք է գործ անի, եւ այդ գործը պետք է երկու բաղադրիչ ունենա, մեկը՝ հասարակությանը ցույց տալ իշխանությունների մանիպուլյացիան եւ այնպես անել, որ դրան հասարակությունը չենթարկվի: Հաջորդը՝ ինքնակազմակերպվել եւ կազմակերպել հզոր ճնշում կարճաժամկետ կտրվածքով ռադիկալ փոփոխությունների հասնելու նպատակով, նոր դեմոկրատական շարժում ձեւավորել եւ հասնել լուրջ համակարգային փոփոխությունների: Եթե դա չարվի, բնականաբար՝ իշխանությունները կվերարտադրվեն, եւ այս իրավիճակը անընդհատ կվերարտադրվի: Իշխանությունները ունակ են միայն կոսմետիկ բարեփոխումների, եւ նրանք միայն մտահոգված են նրանով, որ միջազգային հանրությունը ինչ-որ դրական գնահատականներ հնչեցնի ընտրությունների վերաբերյալ, որովհետեւ ռեսուրսների կարիք ունեն եւ ակնկալում են որոշակի գումարներ՝ Արեւմուտքից: Սա է իշխանությունների ծրագիրը՝ նրանք ակնկալում են այդ գնահատականները Արեւմուտքից»,- ընդգծեց Էդգար Վարդանյանը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031