Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտության մասին

Հունվար 22,2013 13:00

Երբ վիշտը վերաբերում է անձնապես քեզ, դրա մասին գրելը դժվար է՝ ոնց որ ի ցույց դնես, փորձես բառերով ձեւակերպել այն, ինչ ձեւակերպելի չէ: Դրա համար էլ չեմ գրի «Առավոտի» լրագրող Մամիկոնյան Նաիրայի անձնական արժանիքների մասին, չնայած դրանք շատ են եւ բոլոր նրան ճանաչողներին հայտնի են: Նաիրան էլ դժվար թե «այնտեղից»՝ «վերեւից» ողջունի, որ ես նրան պարզունակ ձեւով գովում եմ: Ավելի լավ է գրեմ մեր մասնագիտության, պրոֆեսիոնալիզմի մասին, ինչպես որ ես, ինչպես որ առավոտցիներս ենք դա հասկանում:

Ենթադրենք, X անունով քաղաքական գործիչը մեզ հարցազրույց է տալիս: Այդ հարցազրույցում արտահայտած մտքերը դուր չեն գալիս X-ին հակառակ ճամբարում գտնվող մարդկանց: Դա նորմալ է՝ մարդիկ տարբեր ձեւով են մտածում: Նորմալ չէ, երբ X-ի արտահայտած մտքերը նրա հակառակորդները վերագրում են լրատվամիջոցին, տվյալ դեպքում՝ «Առավոտին», եւ մի պիտակ էլ մեզ են կպցնում: Գրեք հոդված կամ տվեք հարցազրույց, որում դուք պնդում եք, որ X-ը սխալ է, եւ եթե մենք հրաժարվենք այն հրապարակել, ապա այդ դեպքում միայն դժգոհեք մեզնից: Բայց «Առավոտի» դեպքում դա բացառված է, եւ ցանկացած ընթերցող կհաստատի, որ մենք ոչ մի խնդիր չունենք հրապարակելու, պայմանականորեն ասած, «պրո» եւ «հակա» X-ական, Y-ական, Z-ական կարծիքներ՝ իհարկե, եթե դրանք տեղավորվում են օրենքի եւ տարրական բարեկրթության սահմաններում: Որովհետեւ լրատվամիջոցը, մեր կարծիքով, նրա համար չէ, որ ընթերցողի կամ հեռուստադիտողի ուղեղը լվանա մեկ կարծիքով, մեկ դիրքորոշմամբ, այլ նրա համար է, որ ներկայացնի տարբեր կարծիքներ, փաստեր՝ անկախ նրանից, թե որքանով են դրանք տվյալ լրագրողին կամ տվյալ խմբագրին հոգեհարազատ եւ ձեռնտու:

10 տարի առաջ սպանվել էր մեր գործընկեր Տիգրան Նաղդալյանը: Այն ժամանակ կար պաշտոնական տեսակետ եւ, համապատասխանաբար, պաշտոնական քարոզչություն, թե ովքեր, որ շրջանակներն են դա արել եւ ինչի համար: Մենք, բնականաբար, ներկայացնում էինք նաեւ ոչ պաշտոնական տեսակետը: Բայց ես մի պահ զգացի, որ վերջինս մեր թերթում զուտ քանակապես ավելի շատ է: Եվ պետք էր լրագրող, որը մի կողմ կդնի իր անձնական զգացմունքները եւ սեփական վարկածները ու ադեկվատ կներկայացնի նաեւ պաշտոնական վարկածը: Նաիրան այն ժամանակ զրուցեց Տիգրանի ընկերների ու հարազատների հետ եւ դա արեց, ինչպես միշտ, պրոֆեսիոնալ բարձր մակարդակով՝ այնպես, որ հակառակ ձեւով մտածողները մեզ մեղադրեցին «ծախվածության» մեջ:

Մենք 20 տարուց ավելի է՝ Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք: Մենք՝ հայերս, ունենք մեր համոզմունքները, վստահ ենք մեր ճշմարտության մեջ: Բայց հարեւան երկրում ապրողները նույնպես վստահ են իրենց ճշմարտության մեջ, որը մենք երբեք չենք ընդունի, բայց պետք է հասկանանք: Ո՞վ պետք է ներկայացնի հակառակորդի տեսակետը, եթե ոչ լրատվամիջոցը: Եվ երբ «Առավոտին» պետք էր իմանալ ադրբեջանցի մտավորականների, փորձագետների տեսակետը, դա դարձյալ անում էր Նաիրան, եւ անում էր բարձր վարպետությամբ:

Եվ ամենակարեւորը՝ խոսքը այն լրագրողի մասին է, որն ամեն ինչի մասին ուներ իր սեփական տեսակետը, որը խիզախ եւ սկզբունքային ձեւով ներկայացնում էր իր մեկնաբանություններում ու վերլուծություններում: Նաիրան կա, ապրում է՝ նրա հրապարակումները կան «Առավոտի» հավաքածուներում եւ համացանցում: Կարդացեք դրանք եւ դուք կհասկանաք, թե ինչին պետք է ծառայի մեր մասնագիտությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արթուր Սարուխանյան says:

    Շնորհակալություն …

  2. Maxim says:

    Երնեկ նրանց ովքեր կարողանում են ապրել պատվով ու նամուսով: Ձեր կոլեկտիվը
    հենց այդպես է ապրում, իսկ Նաիրան ուղղակի Ձեզնից և մեզնից բացակայում է:

  3. It is your job to maintain independence, your readers expect you to please neither of the sides. When both are unhappy, it means you have done a good job.

    As far as Naghdalian’s murder goes, after all these years we still have no idea who did it and who benefited out of it.

  4. Արփի says:

    Ամեն ինչ դիպուկ էր ու սիրուն մատուցված:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031