Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ . «Մեզ համար միակ վնասը երեխայի կորուստն է»

Հունվար 22,2013 12:50

«Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ տարածքում նախօրեին հնչած պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ, հանգամանքներն էլ դեռ ճշտվում են:

Ինչպես Aravot.am–ին հայնտնեցին ՀՀ Ոստիկանության Վանաձորի բաժնից, պայթյունի  հետեւանքով մահացած 22-ամյա Դավիթ Ասատրյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօրի 231 հոդվածի 2-րդ մասի (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը, որը առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

«Նոր տեղեկություններ այս պահի դրությամբ չկան, նախաքննություն է ընթանում, իսկ թե իրականում ինչն է եղել պայթյունի պատճառը, դեռ ոչինչ այդ մասին չեմ կարող հայտնել»,-մեզ հետ զրույցում նշեց քննիչ Ա. Մնացականյանը, ում վարույթում էլ գտնվում է գործը:

Երեկ առավոտյան ժամը 10.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ էր ստացվել, ըստ որի  «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ տարածքում պայթյուն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 2 հասցեում գործող «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ գազի արտադրամասում ամոնիակի տարա է պայթել, ինչի հետևանքով արտադրամասի ապարատավար, 1990 թ. ծնված Դավիթ Ասատրյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նույն արտադրամասի բանվոր, 1986 թ. ծնված Արթուր Հ.-ն ստացել էր վերին վերջույթների վնասվածքներ:

«Վանաձոր Քիմպրոմ ՓԲԸ-ից  Aravot.am-ին հայտնեցին, որ արդեն իսկ պայթյունի հետեւանքով մահացած Դավիթ Ասատրյանի ընտանիքին օգնություն է ցուցաբերվել եւ այսուհետ պատրատ են ամեն կերպ աջակցել նրա ընտանիքին:

«Դավիթ Ասատրյանը լավ մասնագետ էր, եւ ցանկանում էր խորացնել գիտելիքները հենց քիմիական ոլորտում: Մեզ համար սա մեծ ցավ է, ամենացավալին ոչ թե պայթյունն է` արտադրությանը հասցրած իր վնասներով, այլ մեզ համար միակ վնասը երեխայի կորուստն է: Ամեն կերպ աշխատում ենք Դավիթի ընտանիքի կողքին լինել, փոխհատուցում է տրվելու, օգնելու ենք ամեն կերպ«,-մեզ հետ զրույցում տեղեկացրին «Վանաձոր Քիմպրոմ« ՓԲԸ-ից:

Նրանց փոխանցմամբ մահացած  Դավիթ Ասատրյանը զույգ եղբայր ունի:

Պայթյունի ձայնը ոչ միայն լսելի է եղել գործարանի տարածքին մոտ ապրող վանաձորցիներին, այլ նաեւ քաղաքի տարբեր հատվածներում:

«Ահավոր պայթյուն էր, մենք մեր տանը նստած դմբոց լսեցինք, պատուհանները դղրդացին»,-ասում է վանաձորաբնակ Շուշաննա Խառատյանը:

«Մտածեցինք երկրաշարժ է, բայց հետո իմացանք լուրը, որ գործարանի տարածքում պայթյուն է եղել»,-իր հերթին նշում է մեկ այլ վանաձորցի, ով նույնպես այդ պահին գտնվելիս է եղել բնակարանում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031