ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, դատավորներ Կարինե Ղազարյանի եւ Հենրիկ Տեր-Ադամյանի մասնակցությամբ այսօր նշանակվել էր «փուչիկների գործով» Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա հոկտեմբերի 17-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանը դատապարտվել էր 1 տարվա ազատազրկման: Բողոքը բերել էր հանրային պաշտպան Կարեն Մանուչարյանը: Սակայն դատական նիստը տեւեց 15 րոպե: Պաշտպան Կարեն Մանուչարյանը դիմել էր դատարանին, հայտնելով, որ այս տարվա հունվարի 8-ից գտնվում է ամենամյա արձակուրդի մեջ, ուստի խնդրել էր դատական նիստը նշանակել փետրվարի 6-ից հետո: Պաշտպանը դատարան էր ուղարկել նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբիկ Սահակյանի հրամանը՝ կապված արձակուրդ տրամադրելու հետ:
Նախագահողը դիմեց ամբաստանյալին նրա առողջության հետ կապված, քանի որ անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին նշանակված դատական անդրանիկ նիստը հետաձգվել էր Սերոբ Բոզոյանի առողջության հետ կապված: Սերոբ Բոզոյանը դատարանին տրամադրեց առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգաիյն կենտրոնի կողմից տրված հիվանդության քարտն ու էպիկրիզը: Ըստ այդ փաստաթղթի, հիվանդը վիրահատվել էր,անցյալ տարվա նոյեմբերի 19-ից 34 օր շարունակ անցել բուժում: Ի դեպ, հիվանդի վիճակը կտրուկ վատացել էր, եւ նոյեմբերի 19-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փոխվել էր նաեւ մեղադրանքը պաշտպանող դատախազը՝ Հակոբ Մարտիրոսյանի փոխարեն դատարան էր ներկայացել պարոն Մկրտչյանը: Հիշեցնենք, որ Հակոբ Մարտիրոսյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազ: Դատական նիստը առանց պաշտպանի հնարավոր չէր շարունակել, ուստի այն նշանակվեց փետրվարի 7-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ