Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Չկա այն անձը, ով իշխանությանը ծեռնոց կնետի»

Հունվար 22,2013 12:20

Հատվածներ պաշտպանության նախկին առաջին փոխնախարար, «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցից:

– Գուցե իմ հարցերը քանիցս պատասխանված են, բայց մի՞թե 2007-ից սկսված պայքարը ընդամենը 7 մանդատով պիտի ավարտվեր։

– Եթե քո ռեսուրսը ժողովուրդն է, ժողովրդի հետ մինչև վերջ պետք է անկեղծ լինես։ Երբ կորցնում ես անկեղծությունդ, ժողովուրդը արագ զգում է։ Երբ սկսվեց իշխանության հետ երկխոսությունը, նպատակները բացատրվեցին՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի 1-ի բացահայտում, Ազատության հրապարակի ազատականացում, պետք էր առաջ գնալ։ Ժողովուրդը տեսնում էր երկխոսության անվան տակ ընթացող այլ գործընթացները։ Երկխոսության ընդհատումից հետո հայտարարվեց ջրբաժան, և ժողովուրդը նորից հրապարակ եկավ՝ լսելու, որ նպատակը երկխոսության դուռը բացելն է։ Ժողովուրդը հասկացավ՝ խաղ է սկսվել, որի կանոնները Հայաստանում չեն ձևակերպվում։ Ինչո՞ւ։ Ժողովուրդը չհասկացավ ու այլևս չվերադարձավ հրապարակ։ Այսօրվա վիճակն իր դրական կողմերն էլ ունի։ Քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ ժողովրդին խաբելն անիմաստ զբաղմունք է, որ զրոյացնում ու քաղաքական համակարգից դուրս է նետում։ Քաղաքականության մեջ գտնվողները, եթե ուզում են, որ իրենց ռեսուրսը չպակասի և ավելանա, հասարակության բոլոր շերտերի հետ պետք է լինեն առավելագույնս ազնիվ։

– Նախագահի ութ թեկնածուներից որևէ մեկն այդ ռեսուրսներն ունի՞։

– Ամբողջական ուժ, որը կհամախմբի հասարակությանը, դեռ ոչ։ Իշխանության թեկնածուն, ով էլ լինի, համախմբող պետք է լինի, որպեսզի կարողանա վերարտադրվել։ Ընդդիմության պարագայում այդպես չէ. ընդդիմությունը բազմաշերտ է և որպեսզի հաղթելու շանս ունենա, պետք է կարողանա բոլոր շերտերը համախմբել։ Այսօր թեկնածուների մեջ չկա այնպիսի մեկը, որ կարողանա այդ հարցերին պատասխանելու պատասխանատվությունը ստանձնել։ Հրանտ Բագրատյանն ուժեղ է տնտեսական հարցերում, էպոսագետը՝ էպոսի, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ այլ, բայց չկա այն անձը, ով իշխանությանը ծեռնոց կնետի և ժողովրդի համար իշխանությանն այլընտրանք կդառնա։

– Իր վերջին հարցազրույցով ՌոբերտՔոչարյանը հայտ ներկայացրեց 2018-ի նախագահական ընտրությունների համար, ռեա՞լ են նրա շանսերը։

– Ռոբերտ Քոչարյանի շանսերը երբեք ռեալ չեն եղել ու չեն կարող լինել։ Նա իշխանության է եկել ոչ թե հանրային ռեսուրսով, այլ իշխանական համակարգի հակասությունների։ Հիմա Ռոբերտ Քոչարյանն իշխանական համակարգի ներսում չէ, որ հակասություններ առաջացնելով՝ իշխանությունը կենտրոնացնի իր անձի շուրջը, հանրային գիտակցության մեջ Ռոբերտ Քոչարյանը չունի այն խարիզման, որ իշխանությունից դուրս համախմբի հասարակությանը։ Իր պաշտոնավարման տարիները, ինչ էլ ինքը պատմի, հասարակությունը հիշում է պետության համար ճակատագրական իրադարձություններով՝  1999-ի հոկտեմբերի 27, և իր անմիջական որոշումների հետևանքով՝ 2008-ի մարտի 1: Ինչքան էլ Ռոբերտ Քոչարյանը իշխանություն ցանկանա, իսկ նա միշտ է ցանկանում, հասարակությունը նրան միշտ է մերժելու։

– Իսկ եթե նրան իրավահաջորդ ընտրի Սերժ Սարգսյա՞նը։

– Եթե Սերժ Սարգսյանը նրան իրավահաջորդ համարեր, Ռոբերտ Քոչարյանն արդեն ՀՀ վարչապետ կլիներ։ Քանի դա իրողություն չէ, և Ռոբերտ Քոչարյանն էլ իշխանական համակարգում չէ, Սերժ Սարգսյանն ազատ է իր գործողություններում։ Ի վերջո, այսօրվա ընդդիմության զրոյական վիճակը Ռոբերտ Քոչարյանի գործողությունների հետևանք է. ԲՀԿ-ն երբեք պետք չէ անջատել նրա անձից՝ ստեղծման օրից մինչև այս իրավիճակում հայտնվելը։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը կփորձի իրեն պարտադրել գործող իշխանություններին։ Եթե հասարակությունը նրան կընդունի, ուրեմն կարողացել է պատասխանել հասարակության հարցերին, բարի կառավարում։ Ի՞նչ պիտի նա ասի հասարակությանը, որ պիտի նախագահ դառնա, որովհետև ունի ղարաբաղյան ծագո՞ւմ։ Եթե հասարակությունը երկու ընտրություններում նրան իր քվեն չի տվել, դժվար թե Ռոբերտ Քոչարյանը կարողանա հասարակությանը համոզել, որ կիրագործի այն, ինչ չի ցանկացել երբեք։ Նրա կառավարման հետևանքն է, որ այսօր Հայաստանը գայթակղիչ է ոչ թե մնալու, այլ գնալու համար։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031