Այսօր «Հայացք» մամուլի ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը վերահաստատեց իր շտաբի երեկ տարածած հայտարարությունն առ այն, որ քանի դեռ ընտրությունների իրավաչափությունն ապահոված չէ, քաղաքական եւ սոցիալական ծրագերի մասով թեկնածուն չի սկսում քարոզարշավ: Նրա կարծիքով՝ անբարոյական է նախընտրական շրջանի ոչ իրավաչափ մեկնարկի պայմաններում հանդիպել հասարակության հետ եւ տարատեսակ խոսքերով ու խոստումներով խաբել մարդկանց:
Առայժմ թեկնածուն եւ նրա շտաբը հետամուտ են լինելու ընտրությունների իրավաչափությունն ապահովելու համար ԿԸՀ-ին ուղղված դիմումում բարձրացրած հարցերի ապահովմանը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում էր Հայաստանից հեռացած ընտրողների թվին: Թեկնածուի շտաբի հաշվարկներով դա 400-500 հազար է, ինչն ապացուցեցին նաեւ նախորդ խորհրդարանական ընտրությունները:
Թեկնածուն չի բացառում նաեւ այնպիսի իրավիճակ, որ ինքն ինքնաբացարկի դիմում ներկայացնի: Բայց, առայժմ, օգտվելով ընտրարշավի հնարավորություններից, կոչ է անում հանրությանը միանալ իրենց սկսած գործընթացին եւ պաշտպանել սեփական իրավունքները:
Այս փուլի համար Արման Մելիքյանի կարգախոսն է՝ «Մի լռեք»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Հայաստանում արդարադատության համակարգը մեռած է եւ այդ առումով ոչ ոք չի կարող արդարադատության ուղին բռնել: Անգամ իշխող կուսակցության ներկայացուցիչներն են խոցելի: Նա բերեց ՀՀԿ անդամ, ազատամարտիկ Մարիետա Սարդարյանի դեպքը, որին երկու անչափահաս երեխաների հետ միասին վտարել են հանրակացարանից՝ Արման Մելիքյանի համոզմամբ, անօրինական եւ բարձրաստիճան պաշտոնյայի անձնական շահագրգռությամբ ու նախաձեռնությամբ: Խոսքը տարածքային կառավարման փոխնախարար Բախշյանի մասին է: Կինը երկու անչափահասների հետ ամիսներ շարունակ անտուն է մնացել եւ դատական ատյանները որեւէ կերպ չեն կարողանում խնդիրը հարթել: «Դատական համակարգն ի վիճակի չէ այդ պետական կառույցին կարգի հրավիրել եւ ստիպել՝ ժամանակին կատարել դատարանի ներկայացրած պահանջները: Պատկերավոր ասած՝ Բախշյանի համառության կոտոշն ավելի ամուր է, քան մեր ադարադատության հիմքերը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ