«Հիմա այլընտրանք կա: Դա Րաֆֆի Հովհաննիսյանն է»,- այսօր «Փիփլմեթր» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հարցին՝ 2008-ին արդյոք այլընտրա՞նք չկար, որ հիմա կա՝ նա պատասխանեց. «Արժեքային կառավարման առումով այլընտրանք կա: Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում էր՝ փոխելու ենք այս իշխանություններին մեզանով, բայց Սահմանադրությունը մնալու է նույնը, այսինքն՝ անձերի ֆիզիկական փոփոխություն է տեղի ունենալու ընդամենը, բովանդակային փոփոխություն չէին խոստանում: Մենք տեսանք, որ երեք նախագահների օրոք կառավարման համակարգը ինքնին շատ սխալ անիվների վրա էր դրված»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական բուկլետում կա նաեւ Սերժ Սարգսյանի լուսանկարը, դա սեւ PR չէ՞: Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ոչ, ընտրել են նախագահի բավականին հաջող լուսանկար եւ եթե որեւէ կա մեկը, որ կասի, թե այնտեղ նշված իրավիճակից որեւէ մի բան սխալ է՝ պատրաստ է բանավիճել եւ համոզել հակառակը:
Մեր հարցին՝ ՀՀ օրենսդրությամբ հակաքարոզչությունն արգելված չէ՞՝ Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ իրենց արածը հակաքարոզչություն չէ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հասարակության այն տարածված կարծիքին, որ ամեն անգամ ընտրությունները կեղծվում են, չի ստացվում, եթե Հրանտ Բագրատյանը երեկ վստահեցնում էր, որ պապն ամեն անգամ փլավ չի ուտում, Արմեն Մարտիրոսյանը շարունակեց նրան. «Տերն ամեն անգամ գաթա չի ուտում եւ գետն ամեն անգամ գերան չի բերում»:
Րաֆֆի Հովհաննիսյանը ասում էր, որ ընդունել է ՀՅԴ-ի բոլոր կետերը: Հարցին, թե հիմա ՀՅԴ-ի հետ բանակցություններն ի՞նչ փուլում են՝ Արմեն Մարտիրոսյանը տեղկացրեց, որ այս պահին ոչ մի բանակցություն էլ չկա, բայց պարոն Հովհաննիսյանի ասածը՝ 7 կետերի վերաբերյալ ուժի մեջ են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ