Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչից է ցնցված եւ ինչպես է ցնցում Դավիթ Հարությունյանը

Հունվար 22,2013 12:04

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն իր տարակուսանքն է հայտնել ՀՀ նախագահական ընտրությունների առնչությամբ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության տարածած մամուլի հաղորդագրության բովանդակության կապակցությամբ։

«Ցնցված եմ Հայաստանում ԵԽ ԽՎ նախընտրական պատվիրակության մամլո հաղորդագրության ձևից ու բովանդակությունից և անհրաժեշտ համարեցի անդրադառնալ դրանում արտացոլված բոլոր երեք բացասական գնահատականներին»,- իր հայտարարության մեջ նշել է պրն Հարությունյանը և մանրամասն անդրադարձել բոլոր քննադատություններին։

Հիշեցնենք, որ դիտորդական առաքելությունը բացասական գնահատականներ էր տվել նախընտրական գործընթացներին՝ ուշադրություն հրավիրելով առաջին հերթին ընտրացուցակների էական անճշտությունների վրա։

Կոնկրետ ընտրացուցակների անճշտությունների (ընտրողների թվի աննախադեպ աճի) վերաբերյալ Դ. Հարությունյանը նշել է. «Նախորդ երկու ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում ընտրողների թվի 157 հազարով ավելացումը՝ չնայած ժողովրդագրական ցուցանիշների անկմանը, պայմանավորված է երեք հիմնական գործոններով. 1990–1994թթ. ժամանակահատվածում ծնվածների թիվը՝ մոտ 270 հազար, ովքեր ընտրական տարիքի են հասել, մեծ է մահացածների թվից (2008-2012թթ. մահացել է 142 հազար մարդ)»:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունն օրերս հրապարակեց ՀՀ ընտրողների պաշտոնական թիվը՝ 2.507.960 մարդ։ Սա 23 հազարով գերազանցում է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտարարված ընտրողների թիվը։

Փաստորեն, Դ. Հարությունյանը զարմացած է, որ եվրոպացիները չեն հավատում այդ թվին։ Իսկ արժե՞ արդյոք դրան հավատալ։

Նկարում ներկայացվածը կոչվում է սեռատարիքային բուրգ, որը վերցված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից (2011 թվականի համար):

Ըստ այս տվյալների, ստացվում է, որ 0-19 տարեկան տղաները կազմում են ՀՀ տղամարդ բնակչության 28.7%-ը, իսկ 0-19 տարեկան աղջիկները ՀՀ կանանց ընդհանուր թվի 24.3%֊ը։ Պարզ թվաբանական գործողություններով կարելի է հաշվարկել, որ 0-19 տարեկան տղաների ու աղջիկների թվաքանակի հանրագումարը կազմում է ողջ բնակչության 26.4 տոկոսը։

Եթե 0-19 տարեկանների թվաքանակից բացառենք 19 տարեկաններին, որոնք ընտրելու իրավունք ունեն, ապա կստացվի, որ անչափահասների թիվը կազմում է բնակչության 25%-ը։ Այսինքն մեկ քառորդն ընտրելու իրավունք չունի տարիքի պատճառով։

Հիմա հաշվենք, թե առավելագույնը քանի՞ ընտրող կարող է լինել Հայաստանում ըստ առողջ տրամաբանության։ Եթե հիմք ընդունենք 2011 թվականի մարդահամարի ցուցանիշները շուրջ 3 միլիոն 18 հազար մշտական բնակչությամբ, ապա ընտրողների առավելագույն թիվը կարող էր լինել 2.250.000 (նշենք, որ մշտական բնակչության մեջ մտնում են նաև հաշվառված, սակայն Հայաստանից բացակայող անձինք): Այս թվից էլ պետք է հանել չափահաս, սակայն ընտրական իրավունք չունեցող անձանց թիվը (հոգեկան հիվանդություն ունեցող անձինք, իրենց պատիժը կրող քաղաքացիներ, և այլք): Եվ վերջապես ընդամենը մի քանի օր առաջ Միգրացիոն պետական ծառայությունը տվյալներ էր հրապարակել, որոնց համաձայն՝ 2012 թվականի ընթացքում Հայաստանից մեկնողների և ժամանողների բացասական սալդոն գերազանցել է 42 հազարը։

Այսքանից հետո արդյունքը համեմատեք հայտարարված թվի հետ՝ 2507.960: Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին։

Հիմա անդրադառնանք Դ. Հարությունյանի հիմնավորումներին։ Նա պնդում է, որ երկքաղաքացիների թիվն աճել է 43.800-ով։ Նշենք, որ երկքաղաքացիների թիվն աճել է ոչ միայն Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերած սփյուռքահայերի հաշվին, այլև մեր այն հայրենակիցների, որոնք վերջին տարիներին արտագաղթել են և հաջողացրել ձեռք բերել այլ երկրի քաղաքացիություն՝ պահպանելով նաև հայկական անձնագիրը։ Օրինակ, բավական մեծ է տխրահռչակ «Հայրենակիցներ» ծրագրով Հայաստանից փաստացի հեռացած, սակայն երկքաղաքացի դարձած մեր հայրենակիցների թիվը։ Այսինքն երկքաղաքացիների թվի աճն ամենևին պարտադիր չէ, որ ավելացնի ընտրողների թիվը, կարող է նաև հակառակը լինել։

Եվ վերջապես Դավիթ Հարությունյանը մատնանշել էր այն հանգամանքը, որ 1990- 1994թթ. մեծ թվով երեխաներ են ծնվել, որոնք այսօր չափահաս են և ընտրական իրավունք ունեն։ «1990-1994 թվականներին ծնվածների թիվը մոտ 270.000, մեծ է մահացածների թվից (2008–2012թթ. մահացել է 142.000 մարդ)»,- ասել էր նա։ Այս առումով հիշեցնենք, որ 1990-1994 թվականներին ծնելիությունը «թարսի պես» բավականին ցածր է եղել և նվազել է հաջորդ տարիներին։ Այնպես որ, այդ թվականներին ծնվածների մեծ թվով ինչ-որ բան հիմնավորելն այնքան էլ տեղին չէ։

Վերը նշված տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում՝ չենք զարմանա, եթե ընտրողների թիվը մի գեղեցիկ օր հավասարվի բնակչության թվին։ Ի դեպ, չի բացառվում, որ այդպես էլ կա, քանի որ որոշ գնահատականների համաձայն ՀՀ իրական բնակչության թիվը 2.5 միլիոն է։ Ճիշտ այնքան, որքան ընտրողների պաշտոնապես հայտարարված թիվը։

Կարճ ասած՝ կարելի է ցնցվել ոչ թե եվրոպացիների գնահատականներից, այլ այն համառությունից, որով ՀՀ իշխանությունները փորձում են ապացուցել, որ ՀՀ բոլոր բնակիչներն ընտրողներ են։

ԲաբկենԹՈՒՆՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031