Նրանք կհամալրեն շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների թափուր տեղերը:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 73-րդ եւ կանանց 68-րդ առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարում շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր դարձավ միանձնյա հաղթող՝ պահպանելով հանրապետության չեմպիոնի կոչումը: Արծաթե եւ բրոնզե մեդալները բաժին հասան, համապատասխանաբար, Ավետիք Գրիգորյանին եւ Ռոբերտ Հովհաննիսյանին, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին 6,5-ական միավոր:
Նույնպիսի արդյունքներ գրանցվեցին նաեւ կանանց առաջնությունում: Հայաստանի չեմպիոնուհու կոչումը նվաճեց միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը: Մրցանակակիրների եռյակում նրան հաջորդեցին Արմինե Բաբայանն ու միջազգային վարպետ Աննա Գասպարյանը:
Չեմպիոնները շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների մեկական թափուր տեղերը համալրելու իրավունք նվաճեցին:
Կանանց առաջնությունում արծաթե մեդալ նվաճած երեւանցի Արմինե Բաբայանը, վաստակելով 6,5 միավոր, առաջին անգամ լրացրեց միջազգային վարպետի նորմա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ