Լրահոս
Օրվա լրահոսը

«Էպոսագիտությունն» «արիական» «կոմպոտի» մի մասն էր

Հունվար 22,2013 11:41

Վարդան Սեդրակյանն ինչ-որ առումով այնքան էլ պատահական կերպար չէ՝ նա մեր հանրության որոշակի մասի մտածողության յուրահատուկ հայելին է։ Մամուլում նրան անընդհատ կոչում են էպոսագետ՝ առանց չակերտների կամ առանց «այսպես կոչված» եւ նման հավելումների, ինչն, անշուշտ սխալ է, քանի որ էպոսի իրական գիտական ուսումնասիրության հետ նրա «էպոսագիտությունը» ոչ մի առնչություն չունի (էպոսի բնագավառում լավագույն, իրոք գիտական ոաումնասիրություններ վերջին տարիներին կատարել է համեմատաբար երիտասարդ գիտնական Արմեն Պետրոսյանը): Սեդրակյանը ներկայացնում է, այսպես ասած, «արիացիների»՝ զանազան մերձգիտական, «էզոթերիկ», «միստիկ ազգայնականության» վարկածներով տարված մտավորականների կամ «մերձմտավորականների» խմբի մի հատված։ «Արիացիների» այդ հատվածը, որը հատկապես «տարած էր» Սասնա Ծռեր էպոսի վրա, դրանում գտնելով աշխարհում ամեն ինչի բացատրությունը՝ տիեզերագիտությունից մինչեւ քաղաքականություն, իմ ուսանողական տարիներին բավականին պոպուլյար էր քաղաքում։ Այդ հոսանքի իսկական ոգին, առաջնորդն ու քայլող խարիզման Օլեգ Բաբայանն էր՝ իրոք ինքնատիպ մի անձնավորություն, որը ցանկացած խելքից դուրս բան կարող էր մատուցել արտիստիկ բարձր վարպետությամբ, եւ որը նաեւ բոհեմական կերպար էր (այսօր էլ հնարավոր չէ նրան չհիշել առանց համակրանքի, չնայած նրա ասելիքը ոչ մի գիտական քննության դիմանալու բան չէր): Եթե ճիշտ եմ հիշում, նրա աշակերտ-առաքյալն է Սեդրակյանը, որն անշուշտ հիմնադրի խարիզման չունի, բայց կարողացավ խելահեղ 90-ականների տիպիկ դրսեւորում՝ Օլեգի գաղափարները հասցնել մինչեւ 2013-ի նախագահական ընտրություններ։ «Էպոսագիտությունն», ինչպես ասացի, ավելի լայն «արիական» «կոմպոտի» մի մասն էր՝ մի մեծ հոսանքի, որն իր իսկական ծաղկումն ապրեց հենց 90-ականներին, երբ ունեցավ Օլեգի պես բազմաթիվ խարիզմատիկ ուսուցիչներ, որոնցից շատերին ճանաչել եմ։ Բայց «արիականությունն» էլ, իր ողջ էքզոտիզմով հանդերձ, պատահական երեւույթ չէր, այլ մեր հասարակության շատ ավելի մեծ մասին բնորոշ հեքիաթային ազգայնականության ծայրահեղացված, տրամաբանական ավարտին հասցված մի դրսեւորում։ Սա այն մտածողությունն է, որն ի զորու չէ իրապաշտորեն ընկալել ո՛չ պատմական, ո՛չ էլ քաղաքական խնդիրները, եւ շարունակում է ապրել գոյություն չունեցող աշխարհում։ Ահա այս մտայնության կրողների հայելին է Սեդրակյան Վարդանը։

ՈԻՍՏԱ ՀՐԱՆՏ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031