Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի պաշտոնավարության 5 տարիների ընթացքում, Երեւանում ի՞նչ նոր գործարան է բացվել

Հունվար 22,2013 11:31

Նախընտրական քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված ծավալուն հարցազրույցում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է աշխատատեղերի եւ արտագաղթի խնդիրներին։ Նա մասնավորապես ասել է. «Հիմնականում գնում են բարձր աշխատավարձի հետեւից։ …Այսօր ես կարող եմ հայտարարել, որ Հայաստանում աշխատանքի խնդիր չկա, Հայաստանում կա բարձր վարձատրվող աշխատանքի խնդիր։ Երեւանում կան ժամանակակից գործարաններ, որոնք աշխատողների կարիք ունեն»։ Հետաքրքիր է, այդ ի՞նչ գերգաղտնի «ժամանակակից գործարաններ» են Երեւանում, որոնց մասին հանրությունը ոչինչ չգիտի։ Որեւէ մեկը կարո՞ղ է հիշել, թե վերջին 10 տարվա, էլ չասած՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարության 5 տարիների ընթացքում, Երեւանում ինչ նոր գործարան է բացվել։ Որքան մտածում ենք, Երեւանում գործող նշանակալի թվով աշխատատեղեր ունեցող գործարաններից միայն «Նաիրիտ»-ն ենք հիշում, եթե իհարկե, կարելի է գործող համարել մի գործարան, որը ամիսներով պարապուրդի է մատնվում, եւ որի հարյուրավոր աշխատակիցներ տարին մեկ անգամ են աշխատավարձ ստանում՝ այն էլ նախագահականի առջեւ ցույց անելուց հետո։ Ինչեւէ։

Զարգացնելով աշխատողների կարիք ունեցող ինչ-որ անհայտ «ժամանակակից գործարանների» մասին, ըստ ամենայնի՝ Տիգրան Սարգսյանի կողմից ներշնչված թեզը՝ Սերժ Սարգսյանն անում է հաջորդ ցնցող հայտարարությունը. «Այսօր այլեւս Հայաստանում որեւէ մի մարդ չի ուզում 150 հազար դրամից մի լումա պակաս աշխատավարձով աշխատել։ Դա մի կողմից ուրախացնում է, որ մարդկանց պահանջը մեծանում է, մի կողմից ուրախացնում է, որ ամենածայրահեղ դեպքում, եթե մարդն այլ ելք չունի, կգնա եւ 130, 140 հազար դրամով կաշխատի»։ Հավանաբար Սերժ Սարգսյանի գերթանկարժեք փի-առշչիկներն ու ժելեոտած մազերով եվրոպաներում կրթված խորհրդականնները մոռացել են տեղեկացնել, որ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 118.400 դրամ, իսկ նվազագույն աշխատավարձը կառավարության գործադրած գերմարդկային ջանքերի արդյունքում անցած տարի հաջողվեց բարձրացնել ընդամենը 2500 դրամով եւ այժմ արդեն «150 հազար դրամից մեկ լումա պակասով չաշխատող» հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ աշխատում են ամսական 35 000 դրամով։ Ու ստացվում է, որ իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը ծաղրում է ոչ միայն աղքատության շեմին գոյատեւող այդ մարդկանց, այլեւ բազմահազար ուսուցիչներին, բժիշկներին եւ գիտնականներին, որոնց ստացած աշխատավարձը զգալիորեն ցածր է Սերժ Սարգսյանի նշած 150 հազարից։ «Մենք մշտապես շատ զգուշորեն պետք է վարվենք թվերի հետ»,- ֊քիչ անց ասում է Սերժ Սարգսյանը, որին, դատելով իր իսկ կողմից հնչեցված թվերից, չի խանգարի սեփական խորհրդին հետեւելը:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031