Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինձանից հետո` թեկուզ Լևոն Զուրաբյան

Հունվար 22,2013 11:25

Բազմիցս առիթներ ունեցել ենք գրելու, որ Հայաստանի քաղաքական կյանքում կատարվող գործընթացները վաղուց դուրս են քաղաքականության տրամաբանությունից: Սակայն, եթե նախկինում քաղաքական տրամաբանությունից դուրս էին գործում հիմնականում իշխանական ուժերը, ապա ներկայումս դա դարձել է նաև ընդդիմադիր դաշտի բնորոշիչը:
Խորհրդարանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի դիրքորոշումը նախագահական ընտրություններում դրա լավագույն ապացույցն էր:

Այդ ուժերը տարբեր պատճառներով հայտնվեցին ամորֆ, անկարող վիճակում, ինչին փորձում են քաղաքական երանգ հաղորդել բոյկոտի իմիտացիայի միջոցով: Մինչդեռ դա բոյկոտ չէ, քանի որ բոյկոտը շատ ավելի լուրջ կազմակերպչական միջոցառումներ պահանջող քաղաքական գործիք է, քան բուն ընտրություններում թեկնածու առաջադրելը և դրան մասնակցելը: Նորմալ` ժողովրդավարական, կայացած համակարգ ունեցող երկրում այս գործելակերպը չէր ներվի հասարակության կողմից, և այդկերպ վարված ուժերը հաջորդ ընտրություններում կհայտնվեին լուսանցքում:

Չէին ներվի առաջին հերթին՝ այդ ուժերի առաջնորդները, որոնց հետ հասարակությունը ասոցիացնում է այս կամ այն քաղաքական կուսակցությանն ու հոսանքին:
ԲՀԿ-ի` քաղաքական տրամաբանությունից դուրս գործելն ինչ-որ տեղ կարելի է նորմալ համարել, քանի որ այդ կուսակցությունը քաղաքականության հետ գրեթե աղերս չունի և խորհրդարանում երկրորդ տեղն է զբաղեցրել ամենևին ոչ քաղաքական պատճառներով: Քաղաքականության մեջ նրա հետագա գոյությունը  նույնկերպ պայմանավորված է ոչ թե հասարակության վստահությամբ, այլ իշխանության ցանկությամբ:

Որոշակիորեն այլ է ՀՅԴ-ի պարագան, քանի որ վերջինս լինելով ամենաքաղաքական միավորներից մեկը, վարվեց գրեթե այնպես, ինչպես շահերի սպասարկման առումով իր հետ նույն «ծիրում» գտնվող ԲՀԿ-ն: Սակայն ՀՅԴ-ն ևս քաղաքական ասպարեզում իր գոյությունը պահպանելու համար կախված է ոչ այնքան ընտրողների, որքան իշխանության կամքից` գոնե այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի որևէ իշխանություն կարևորելու է Սփյուռքին կամ ակնկալիքներ է ունենալու սփյուռքահայերից:

Այս շարքում ամենահակաքաղաքական դիրքորոշումը, սակայն, ցուցաբերեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այն, որ անկախ ամեն ինչից, նա՝ որպես անհատ, իրավունք ուներ չառաջադրվել նախագահական ընտրություններում, քննարկման ենթակա չէ: Այլ հարց է, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվելու` ոչ մի տեղ չգրված, բայց անառարկելի քաղաքական պատասխանատվություն ուներ` իր թիմի, համակիրների, իրեն հավատացողների առաջ: Ընդունենք սակայն, որ նրա անձնական դրդապատճառներն ավելի զորեղ էին, քան քաղաքական պատասխանատվությունը:

Իրականում Տեր-Պետրոսյանի կողմից քաղաքական անպատասխանատվության ավելի ցայտուն դրսևորում էր ընտրություններում սեփական թիմակից Հրանտ Բագրատյանին չսատարելու քայլը: Հիմա ՀԱԿ-ի հետ կապված ամենաակտուալ հարցն առաջնորդի խնդիրն է, որը սադրեց Լևոն Տեր-Պետրոսյանը`  ընտրություններում չառաջադրվելու որոշմամբ և իր զույգ հարցազրույցներով: Բայց նոր առաջնորդի մասին քննարկումների համատեքստում Հրանտ Բագրատյանին չսատարելու՝ Կոնգրեսի քայլի անհեթեթությունն ավելի արտահայտիչ է դառնում: Հրանտ Բագրատյանը, գուցե չլինելով առաջնորդի իդեալական կերպար, միանգամայն նորմալ և մրցունակ կարող էր (է) լինել նախագահի թեկնածուի կարգավիճակում: Բայց Բագրատյանի` թեկուզ դժվարին թվացող հաղթանակի դեմ ուղղված ամենամեծ քայլն արեց հենց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա այդ քայլն արեց` ոչինչ չանելով: Գուցե չափազանցված հնչի, բայց կարծում ենք, Բագրատյանին որպես մրցունակ ու հաղթող թեկնածու տեսնելու՝ Տեր-Պետրոսյանի ցանկությունն իսկ բավարար էր, որպեսզի նախկին վարչապետը դառնար Սերժ Սարգսյանի համար ոչ թե սովորական, այլ վտանգավոր, հաղթելու իրական հնարավորություն ունեցող մրցակից:

Դրա համար բավարար էր, ինչպես նշեցինք, Տեր-Պետրոսյանի ցանկությունը և այդ ցանկությունը քաղաքական, նախընտրական, կազմակերպչական աշխատանքի վերածելու վճռականությունը: Իսկ այդպիսի աշխատանքի հարուստ փորձ ՀԱԿ-ը, իհարկե, ունի: Եթե Տեր-Պետրոսյանը կարողանար հաղթահարել անփոխարինելի առաջնորդի իր բարդույթը, ապա նա կարող էր (քաղաքական տրամաբանության տեսանկյունից՝ պարտավոր էր) առաջիկա ընտրություններում ղեկավարել նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը` դրանով իսկ իր ամենամեծ ազդեցությունն ունենալով առաջիկա ընտրությունների ընթացքի վրա: Հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե շտաբի պետի` որպես տեխնիկական ղեկավարի, այլ՝ որպես քաղաքական կարգավիճակի մասին է: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես հասարակությունը կընդուներ այն թեկնածուին, որի շտաբը ղեկավարում է անձամբ ՀՀ առաջին նախագահը:

Նա այդպիսով ցույց կտար, որ, այո, 68 տարեկան է, այդ և այլ պատճառներով չի ցանկացել առաջադրվել, սակայն հանդիսանում է իր քաղաքական թիմի գործունեության, այդ թիմի գաղափարական ու ծրագրային շարունակության ապահովման պատասխանատուն ու երաշխավորը:

Նախագահի թեկնածուի շտաբի պետի կարգավիճակը Հայաստանում արժևորվում է միայն իշխանական դաշտում, դրա համար էլ Հովիկ Աբրահամյանը վերջին մի քանի ընտրություններում ամեն ինչ անում է՝ այդ դերում հայտնվելու համար: Որովհետև իշխանական թեկնածուի շտաբի պետը նրա հաղթանակի դեպքում զբաղեցնում է առավելագույնը՝ վարչապետի, նվազագույնը՝ ԱԺ նախագահի պաշտոնը: Ժողովրդավարական երկրներում նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնը նույնքան կարևորվում է նաև ընդդիմադիր թեկնածուի թիմում:

Նրա հաղթանակի դեպքում ևս շտաբի պետը կամ նոր կառավարություն է ձևավորում, կամ զբաղեցնում է երկրի առանցքային պաշտոններից մեկը: Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում, իհարկե, այս համեմատությունները տեղին չեն: Եթե Հրանտ Բագրատյանը հաղթեր ընտրություններում, Տեր-Պետրոսյանը, բնականաբար, չէր դառնալու վարչապետ կամ մեկ այլ պաշտոնյա: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը` Բագրատյանի հնարավոր հաղթանակի դեպքում, Հայաստանի պատմության մեջ կմնար ոչ միայն՝ որպես հիմնադիր նախագահ, այլև տարիներ հետո երկրի նախագահ ունեցող քաղաքական թիմի առաջնորդը:
Սա, իհարկե, ոչ միայն տեսական, այլև ուտոպիստական սցենար է, քանի որ Հայաստանում ոչ թե անձերն են ծառայում թիմերին, այլ՝ հակառակը:

Լևոն Տեր-Պետրոսյանի` սեփական անձի անփոխարինելիության սինդրոմը չէր կարող թույլ տալ անգամ մտածել իր կառավարության նախկին ղեկավարին նախագահի պաշտոնում տեսնելու մասին: Քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես ցույց տվեց կյանքը, առաջնորդվում է ոչ թե՝ թեկուզ առանց իր մասնակցության, սեփական քաղաքական թիմն ամրացնելու, նրա առջև դրված նպատակներին հասնելու, այլ՝  «ինձանից հետո` թեկուզ Լևոն Զուրաբյան» սկզբունքով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031