Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անցած հինգ տարիները ջնջում է

Հունվար 22,2013 11:13

Հայաստանի հանրապետությունը փաստորեն ունի նորալլուկ նախագահի թեկնածու։ Չկարծեք, թե խոսքը էպոսագետ Վարդան Սեդրակյանի կամ առաջին անգամ իր բաղձանքին հասած, եւ նախագահի թեկնածու դարձած Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է։ Ոչ։ ՀՀ նորալլուկ նախագահի թեկնածուն Սերժ Սարգսյանն է։ Այս օրերին քարոզարշավի մեկնարկին զուգընթաց բացվել է թեկնածու Սարգսյանի պաշտոնական կայքը՝ serzhsargsyan.am։ Եւ ուրեմն այս կայքում, որտեղ կան տարբեր բաժիններ, հետք անգամ չես գտնի այն բանի, որ նշյալ նախագահի թեկնածուն արդեն հինգ տարի զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։ Այստեղ, չհաշված կենսագրության մասին տեղեկանք պարունակող բաժինը, Սերժ Սարգսյանի կյանքն ու գործունեությունը սկսվում է անցած տարվա վերջին կայացած ՀՀԿ համագումարից, որտեղ կուսակցությունը Սարգսյանին պաշտոնապես առաջադրեց, որպես ՀՀ նախագահի թեկնածու, եւ նրա կողմից հնչեց նախընտրական ծրագրի նախագիծ հիշեցնող մի ելույթ։ Տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ընտրողներին ներկայանալ զրոյական կետից, ջնջելով անցած հինգ տարիները, կարծես դրանք չեն էլ եղել։ Կարծում եմ, ավելորդ է նշել, որ Սարգսյանը ծանրակշիռ պատճառներ է ունեցել այդպիսի որոշում կայացնելու համար, եթե լիներ գոնե մի ոլորտ, որտեղ Սարգսյանի նախագահության տարիներին փոքր-ինչ բարելավում է եղել, այն հաստատ տեղ կգտներ նշված կայքում։ Ոչ միայն կայքում, այլեւ կհնչեր Սարգսյանի ողջ քարոզարշավի ընթացքում։ Բայց տվյալ իրավիճակում, որպես նախագահի թեկնածու, քաղաքական կենսագրությունը ՀՀԿ տարեվերջյան համագումարից սկսելը միակ տարբերակն է. ահա ես կանգնած եմ ձեր աոջեւ, առաջադրվում եմ, որպես թեկնածու եւ խոստանում եմ այ այսպիսի ապահով ու երջանիկ Հայաստան։ Իսկ թե ինչ է կատարվել դրանից առաջ, այս պահին օրակարգից դուրս է, որովհետեւ հիմա ես ձեր առաջ կանգնած եմ, ոչ թե որպես հինգ տարի պաշտոնավարած նախագահ, այլ որպես նորալլուկ նախագահի թեկնածու։ Բայց արի ու տես, որ կայքում այնուամենայնիվ բաժին կա, որը դուրս է նշված տրամաբանությունից։ Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը ակնհայտորեն չեն դիմացել գայթակղությանը եւ կայքի «Լուսանկարներ» բաժնում զետեղել են նախագահի թեկնածուի լուսանկարները, օրինակ՝ Վլադիմիր Պուտինի, Բան կի Մունի, Ֆրանսուա Օլանդի, Նիկոլա Սարկոզիի հետ։

Բայց միշտ չէ, որ հնարավոր է ամեն ինչ զրոյից սկսել, կան բազում հարցեր, որոնք կախված են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած տարիների հետ, ու որքան էլ նրա սրտով չեն, անպատասխան մնալ չեն կարող։ Եւ ահա, կայքում տեղ է գտել նաեւ երեկ «Ազատություն» ռ/կ-ին եւ «Անդին» ամսագրին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցները, որտեղ որքան հնարավոր է, մեղմորեն անդրադարձ կա նման խութ խնդիրներին։ Հասարակությանը հուզող, նրանց կենսակերպին, հոգեբանական վիճակին առնչվող հարցերին Սերժ Սարգսյանի պատասխաններն էլ որքան հնարավոր է, մակերեսային են, որոշ դեպքերում էլ՝ իրականության հետ որեւէ աղերս չունեցող։ Օրինակ, 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին հարցին Սերժ Սարգսյանն ասում է. «Դուք ասում եք՝ իշխանությունները բռնություն գործադրեցին։ Բայց արդյո՞ք միայն իշխանությունները բռնություն գործադրեցին։ Իշխանությունների համար բնավ դա պետք չէր… Ես կարծում եմ, որ ողբերգությունը տեղի է ունեցել, որովհետեւ բոլորս էլ մեղավոր ենք»։ Այս խոսքերը ոչ միայն իրականության քողարկված խեղաթյուրում են, այլեւ սազական են ցանկացած շարքային քաղաքացու, բայց ոչ երբեք հինգ տարի պաշտոնավարած եւ կրկին նախագահ դառնալու հայտ ներկայացրած մեկին։

ԱննաՎ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031