«Հպարտ եմ քո քաղաքացիական նախաձեռնությամբ, որ դու տանը չնստեցիր ու դուրս եկար պայքարի։ Դու վայելում ես իմ զորակցությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը «Ռադիոհայի» տնօրեն Անդրիաս Ղուկասյանին, որը սառչում էր Ակադեմիայի շենքի մոտ եւ տեսախցիկների օբյեկտիվում մի քիչ կապտած էր երեւում, ինչը, սակայն, չէր խանգարում նրան մնալ ամենագեղեցկադեմ թեկնածուն։
Իր քարոզարշավն Անդրիասը սկսեց հացադուլով։ «Անդրիաս» պրոյեկտի բոլոր դրվագներն էլ կարելի է հաջողված համարել։ Նա իր կարմիր բաճկոնով խոսում է Թի Վի-ների առաջ սովահար վիճակում, հետո նույն սովահար վիճակում եւ նույն կարմիր բաճկոնով նկարահանվում իր քարոզարշավի առաջին օրվա «ռոլիկում», ասելով, որ ընդհանրապես հրաժարվում է իր անվճար եթերաժամանակից հօգուտ ՀՀ քաղաքացիների, քանի որ «մեզ բոլորիս կարեւոր է լսել հայրենակիցների ձայնը»։ Ինչպես է Անդրիաս Ղուկասյանը հնչեցնելու հայրենակիցների ձայնն իր անվճար եթերում, դեռ հայտնի չէ, բայց պատրաստ լինենք, որ վաղը նա միկրոֆոնը ձեռքին կընկնի փողոցներ եւ հարցազրույցներ կանի մարդկանց հետ։ Այ, սա կլիներ զարմանք։ Պետք է ընդունել, որ Անդրիաս Ղուկասյանի փիառը գրագետ է կառուցված։ Նա օրական մի անիրագործելի գաղափար է հրապարակ նետում, որը, սակայն, հնարավոր չէ չնկատել։ Մեկ բոլոր թեկնածուներին է դիմում թեկնածությունը հանելու եւ երեք փորձառուների՝ Բագրատյանի, Րաֆֆիի եւ Հայրիկյանի շուրջ քաղաքացիական շարժում ստեղծելու առաջարկով, մեկ պահանջում է ԿԸՀ-ից չեղյալ համարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, մեկ հացադուլ է անում՝ պահանջելով, որ միջազգային դիտորդները կասեցնեն ընտրությունները դիտարկելու իրենց առաքելությունը։ Վաղը գուցե բերանն էլ կարի։ Մնում է հասկանալ, թե ինչու գեղեցկադեմ այս «նախագահացուն» կամ նրա ղեկավարած ռադիոկայանն ընտրություններից առաջ ոչ մի ընդդիմադիր եւ համարձակ նախաձեռնությամբ հանդես չեկան։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
«Հրապարակ»