Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատասխանի ժամանակը

Հունվար 22,2013 10:33

Մինչ հայաստանյան քաղաքական դաշտում նախագահի թեկնածուները սկսել են իրենց արշավը հանրության գլխով մեկ և փորձում են համոզել, որ հենց իրենք են այն մարդիկ, ովքեր Հայաստանը փոխելու են և դարձնելու են ավելի լավը, ովքեր պայքարելու են Հայաստանում իշխող ռեժիմի դեմ և վերացնելու են այն, և մինչ այսպես ասած` նախկին «միասնականները» հանրությանը «ծիկ» են անում իրենց անզորության դիրքերից, հայ-ռուսական բարեկամության ասպարեզում տեղի է ունեցել հերթական ակտը, այս անգամ հայազգի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի կատարմամբ:

Նա հայտարարել է, որ Հայաստանն առանց Ռուսաստանի լինելու շանս չունի և պետք է անպայման լինի Ռուսաստանի կողքին: Երբ այս մասին խոսում են տարատեսակ ռուսներ, որոնք հանդիսանում են իրենց հայրենիքի կայսերապաշտական նկրտումների դիվանագիտա-քարոզչական զինվորները, ամեն ինչ կարծես թե հասկանալի է՝ անընդունելի, բայց հասկանալի: Բայց երբ այս գործին լծվում են արդեն ազգությամբ հայերը, սա արդեն անհասկանալի կատեգորիաներից է:

Ազգային արժանապատվության ինչպիսի անկման պետք է հասած լինի մարդը, որ Հայաստանում՝ իր հայրենիքում, իր պապերի հայրենիքում, հայտարարի, որ առանց Ռուսաստանի այդ հայրենիքը կորած է: Կարևոր չէ, թե առանց ում է կորած: Ցավալին հենց գաղափարը, միտքն է ինքնին՝ առանց սրա կորած ենք, առանց նրա՝ կորած ենք: Եթե որևէ մի հայ Ռուսաստանում իրեն կորած է համարում առանց Ռուսաստանի, դա տվյալ հայի խնդիրն է, և թող նա իր խնդիրներով չժամանի Հայաստան և այդ խնդիրները լուծելու համար թող չփորձի Հայաստանի վզին փաթաթել Ռուսաստանի դիվանագիտա-քարոզչական նկրտումները: Կլինի դա Կարեն Շահնազարով, թե որևէ այլ հայազգի ռուսաստանցի, եթե նրանք գալու են Հայաստան, որպեսզի անկախ պետության քաղաքացուն ներշնչեն անելանելիության զգացում, ապա թող ավելի լավ է մնան իրենց Ռուսաստանում և վաստակեն իրենց հացը այլ մանր-մունր ծառայություններ մատուցելով՝ Հայաստանի և Հայաստանի քաղաքացու արժանապատվությունը թողնելով հանգիստ:

Հայաստանն իր գոյության համար պարտական չէ և չի լինի որևէ երկրի, որևէ պետության՝ լինի դա Ռուսաստանը, թե այլ տերություն: Հայաստանն իր գոյությամբ պարտական է միայն ու միայն իր լավագույն որդիների կյանքին, կամքին, մտքին, ազնվությանը, պայքարին, եթե անգամ այդ որդիներն այսօր հեռու են Հայաստանի ղեկից, և այդ ղեկը ստանձնել են մարդիկ, որոնք ոչ միայն լռում են պետության արժանապատվության դեմ ոտնձգությունների հանդեպ, այլ պարգևատրում այդ «դեսանտայիններին»: Հայաստանը շնորհակալ է իրեն օգնող բոլոր պետություններին, բայց դա որևէ մեկին թույլ չի տալիս հանդես գալ որպես Հայաստանի փրկիչ, առանց որի Հայաստանը կյանք չունի: Եվ որևէ մեկը այդ դիրքերից հանդես չի էլ գալիս՝ Ռուսաստանից բացի, որն ակնհայտորեն այդ մոտեցումը դարձրել է իր պետական քաղաքականության, Հայաստանի հանդեպ քաղաքականության բաղկացուցիչ մաս:

Այսինքն՝ եթե նույն բանը ասվում է տարբեր դեմքերով հետևողականորեն, ուրեմն դա արդեն պատահականություն չէ, այլ կազմակերպված քաղաքականություն: Իսկ սա ազդակ է Հայաստանի հասարակությանը, որ եթե հասարակությունն այդ ամենին չտա կազմակերպված պատասխան, ապա հետագայում Հայաստանի հանդեպ մոտեցումները կարող են ստանալ էլ ավելի հանդուգն դրսևորումներ, քանի որ Հայաստանի լռությունն, ըստ երևույթին, Ռուսաստանի մոտ բթացրել է իրականության զգացումը, և այնտեղ համարում են, որ կարող են ասել ինչ ուզում են, ինչպես ուզում են և ումով ուզում են:
 Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031