Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ միջոցառումների շարք

Հունվար 22,2013 10:29

2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը երկու օր շուտ տվեց Սերժ Սարգսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցով: Չնայած իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում՝ փորձելով ապացուցել, որ սպասվում են մրցակցային և ազատ ու արդար ընտրություններ, իրականությունը և հանրային ընկալումը բոլորովին այլ է: Նույնիսկ առանց մասնագիտացված սոցիոլոգիական հետազոտություն իրականացնելու ակնհայտ է, որ քաղաքացիների սպասումները երկրի կարևորագույն պաշտոնի ընտրություններից մտահոգվելու աստիճանի ցածր են, կամ գրեթե սպասումներ չկան: Անտարբերության ու հիասթափության մթնոլորտի պատճառով տպավորություն է, որ Հայաստանում ամենևին էլ նախագահական ընտրությունների քարոզարշավ չէ, այլ ինչ-որ միջոցառումների շարք:

Ճիշտ է, նախագահական մրցավազքին մասնակցող քիչ թե շատ ազդեցիկ գործիչների մի մասը իր հաղթանակին անկեղծորեն հավատալով, մյուս մասն էլ կասկածելի վարքագծով փորձում են մրցակցային ընտրությունների մթնոլորտ ստեղծել, սակայն դեռևս հասարակական տրամադրությունները որևէ դրական փոփոխություններ չեն կրել, քանի որ գոյություն ունի հիմնավորված և կարծրացած կարծիք, որ իշխանությունները չունեն քաղաքական կամք ազատ և արդար ընտրություններ անցկացնելու: Իսկ եթե ընտրությունները չեն արտահայտելու ժողովրդի կամքը, ապա յուրաքանչյուր մրցակցություն պարզապես իմիտացիա է:

Պատահական չէ, որ որոշ թեկնածուներ ոչ թե ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը, այլ խոսում են ընտրական գործընթացները օրենքի շրջանակներում անցկացնելու մասին: Հայաստանը դասվում է երկրների այն շարքին, որտեղ թեկնածուին համակրելու առաջնային չափորոշիչ են համարվում ոչ թե նրա գաղափարներն ու ծրագրերը, այլ այն, թե արդյոք նա ի վիճակի է մարդկային ռեսուրսների հաշվին վերահսկել ընտրական գործընթացները և անհրաժեշտության դեպքում՝ ընտրություններից հետո փողոցում հանրային լայն մոբիլիզացիա ապահովել:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Սերժ Սարգսյանի կողմից արժանի մրցակիցներ ճանաչված Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը առաջին հերթին պետք է հանրությանը ներկայացնեն, թե ինչպես են կանխելու հնարավոր ընտրակեղծիքները և արդյոք պատրաստվում են հրապարակային պայքարել ժողովրդի կամարտահայտության իրավունքի պաշտպանության համար, եթե ընտրությունները կեղծվեն:

Համոզիչ ռազմավարություն ներկայացնելու դեպքում միգուցե այս ընտրությունները դառնան մրցակցային, և իշխանությունները իրականում սկսեն անհանգստանալ իշխանափոխության ուրվականից:

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031