Այսօր Ավան վարչական համայնքում նախընտրական առաջին հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող հարցին, ասաց. «Որ ասեմ` ծրագիր չունեմ, կարող է տարօրինակ թվալ»:
Հետո նախագահի թեկնածուն բացատրեց, որ խոսքը տեսանելի ապագայում նոր նախաձեռնություններով հանդես գալու մասին է:
Նա մեկ անգամ եվս կրկնեց, որ եթե թուրքական կողմը տրամաբանական ժամկետներում չվերանայի իր մոտեցումը, ապա հայկական կողմը ետ կկանչի իր ստորագրությունն արձանագրություններից: Սերժ Սարգսյանը չի ափսոսում այն ջանքերը, որոնք ներդրվել են այդ նախաձեռնության մեջ. «Այն ժամանակ շատ շատերը մեզ խստորեն, ես կասեի, դաժանորեն քննադատում էին: Քննադատում էին եւ Հայաստանում, եւ Սփյուռքում: Ինչ մեղադրանքներ ասես, որ մեզ չէին ներկայացնում, բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ մեղադրանքները ոչինչ չարժեին, որովհետեւ այդ գույժերից որեւէ մեկն իրականություն չդարձավ: Ես 1,5 ամիս առաջ Լիբանանում էի. հիշում եք, երեւի, այն ժամանակ ես գնացի Լիբանան` այս հարցերը քննարկելու, հինգ հազար հոգանոց միտինգ էին կազմակերպել եւ ինչ ասես խոսում էին: Այդ միտինգի մասնակիցները` 1000 հոգի, եկել էին այս վերջին հանդիպմանը եւ ես նրանց հարց տվեցի` ասացի, եթե դուք ասում էիք, որ այս փաստաթուղթը թուրքերին է ձեռնտու, բա ինչո՞ւ մինչեւ հիմա չեն վավերացրել: Թուրքերը մինչեւ հիմա այդքան չե՞ն հասկանում, թե՞ ինձ ուղղակի խղճում են կամ իմ նկատմամբ ներողամիտ են, էլի: Չեն վավերացնում, որպեսզի էն վտանգները, որոնց մասին ինքը խոսում էր, չիրականանա՞ն: Ակնհայտ է, չէ՞, որ եթե մի մարդու ձեռնտու է, նա վայրկյան առաջ պիտի այդ խնդիրը լուծի: Ուրեմն, մտածելու տեղ կա` չէ՞: Կամ ասում էին, որ էս փաստաթուղթը, որ կա, ինքնին նշանակում է, որ Ղարաբաղը հանձնում ենք ադրբեջանցիներին: Բա ինչո՞ւ էդպես չեղավ»:
Այսօր էլ Սերժ Սարգսյանը համոզված է, որ այն հանգրվանը, որում գտնվում էին հայ-թուրքական հարաբերությունները մինչեւ 2008 թվականը, Հայաստանի համար ընդունելի չէր, իսկ արձանագրությունները ոչ մի կերպ չեն վտանգում Հայասանի ազգային անվտանգությունը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ԼՂՀ խնդրին էլ, նա վերահաստատեց, որ կողմ չէ Ղարաբաղի ճանաչմանը Հայաստանի կողմից, քանի որ դա նշանակում է բանակցություններից դուրս գալ եւ պատրաստ լինել պատերազմի, ինչը չի բխում մեր երկրի ու ժողովրդի շահից: Սարգսյանն ասաց, որ Ալիեւի հոխորտանքներին էլ լուրջ չի վերաբերվում, քանի որ նրանից, որ Ալիեւը հայտարարում է, թե Երեւանը պատմական ադրբեջանական հող է, դրանից Երևեւանը չի դառնում այդպիսին: Նրա համոզմամբ, Բաքվում լավ գիտեն, թե իրենք ով են եւ որտեղից են գալիս, իսկ Ալիեւի հոխորտանքներից տուժում է ադրբեջանական ժողովուրդը, քանի որ ապրում է թույնը իր մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ