Լրահոս
Օրվա լրահոսը

Դինքի գործը՝ Թուրքիայում ներիշխանական պայքարի պատճառ

Հունվար 21,2013 22:44

Հրանտի Դինքի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Ֆեթհիյե Չեթինը պնդում է, որ Թուրքիայի ուժային կառույցները տեղեկացված են եղել «Ակոս»-ի խմբագրի հնարավոր սպանության մասին, սակայն որեւէ քայլ չեն ձեռնարկել այդ հանցագործությունը կանխելու համար։ Այդ մասին Չեթինն ասել է Zaman օրաթերթին տված հարցազրույցում։

«Դեռ դատավարության ընթացքում մենք պաշտոնական նամակ ուղարկեցինք Ազգային հետախուզական կազմակերպություն՝ MIT, խնդրելով տրամադրել Դինքի սպանության գործով առկա ողջ տեղեկատվությունը։ Ի պատասխան այդ նամակին` հատուկ ծառայությունից մեզ հայտնեցին, որ այն ամենը, ինչ իրենք գիտեն Դինքի սպանության մասին, առկա է մամուլի հրապարակումներում, եւ որ իրենք ավելացնելու որեւէ բան չունեն։ Այդ պատասխանից հետո մենք պահանջեցինք հատուկ քննություն սկսել Ազգային հետախուզական կազմակերպության դեմ, որովհետեւ կամ նրանք ստում են, կամ էլ իզուր վատնում այն գումարները, որ աշխատավարձի տեսքով նրանց են տրամադրում հարկատուները», – նշել է Չեթինը։

Փաստաբանը համոզված է, որ իրականում թուրքական հատուկ ծառայությունների տրամադրության տակ եղած տեղեկատվությունը շատ ավելին է. – «Ըստ ամենայնի, MIT-ը անհամեմատ ավելի լավ է տեղեկացված Դինքի սպանության մանրամասներին, սակայն չի ցանկանում հանրությանը տրամադրել այդ տեղեկությունը։ Մասնավորաբար, մեր տեղեկություններով, հատուկ ծառայությունները մի շարք անանուն նամակներ են ստացել, որտեղ հստակ տեղեկություններ կային թուրքական զինված ուժերի կազմում գործող «Մարտավարական զորահավաքի խումբ» կոչվող գաղտնի կառույցի գործունեության մասին։ Այդ նամակների հեղինակները պնդում են, որ հենց այդ կառույցն է  կանգնած Դինքի սպանության, Մալաթիայի «Զիրվե» հրատարակչատան եւ Անկարայում` Պետական խորհրդի շենքի վրա 2006-ին իրականացված հարձակումների թիկունքում»։

Հիշեցնենք, որ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի կազմում գործող այս ընդհատակյա կառույցի գոյությունը բացահայտվեց ընդամենը մի քանի շաբաթ առաջ, երբ հայտնի դարձավ, որ դեռ 90-ականների կեսին ստեղծված` գաղտնալսումների կազմակերպմամբ ու գաղտնի գործողություններով զբաղվող այս խմբի գոյության մասին իմացել են թուրքական բանակի գրեթե բոլոր հրամանատարները։

Չեթինն այս տեղեկությունը համարում է իրատեսական` նշելով. – «Երբ բացահայտվեց «Էրգենեկոն»-ի գործը, ես ասում էի՝ «Դինքի  սպանության ետեւում կանգնած է շատ ավելի լուրջ կառույց, քան «Էրգենեկոն» ընդհատակյա ցանցն է»։

Այժմ արդեն, փաստաբանի խոսքով, Դինքի սպանությունը լուրջ խնդիրներ է առաջացրել թուրքական իշխանության ներսում։ «Մենք պարզեցինք, որ այժմ ներքին կռիվ է գնում տարբեր պետական կառույցների միջեւ, որոնք փորձում եմ իրար մեղադրել Դինքի սպանության համար։ Եթե մենք իրոք ցանկանում ենք, որ Թուրքիան ժողովրդավարացման ուղին բռնի, հարկավոր է բացահայտել այն դերակատարությունը, որ ունեն ոստիկանությունը, ռազմական ոստիկանությունը եւ քաղաքացիական բյուրոկրատների դասը թուրքական հասարակության ներսում», – ասել է Ֆեթհիյե Չեթինը։

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031