Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պայմանավորվել Սերժ Սարգսյանը` երիտասարդների հետ (Տեսանյութ)

Հունվար 21,2013 22:34

 

Ավանի մշակույթի տանը ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր առաջին նախընտրական հանդիպումը ունեցավ ընտրողների հետ: Մշակույթի տան դիմաց նրան դիմավորեցին ավանաբնակ կարկառուն ՀՀԿ-ականները` նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նրա աներորդի` նորաթուխ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանը, Ավան վարչատարածքային շրջանի ղեկավարը եւ նրանց ստորադաս ՀՀԿ-ականներ: Մշակույթի տան փոքր դահլիճը լեփ-լեցուն էր, ու, դատելով ներկաների հագուկապերից, պատահական մարդիկ չկային:

Ի դեպ, նախագահական քարոզարշավում ՀՀԿ-ն շարունակում է խորհրդարանական քարոզարշավի ժամանակ ձեւավորած ավանդույթը`լրագրողները հանդիպումների տեղի եւ ժամի մասին տեղեկանում են վերջին ժամերին: Այսօր մի նոր դրսեւորում էլ եղավ. հանդիպումի մեկնարկից կես ժամ անց լրագրողներին խնդրեցին լքել դահլիճը` պատճառաբանելով, որ այդքան ժամանակ էր նախատեսված լրագրողների ներկայության համար:

Այսօրվա հանդիպումից ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանն այս անգամ էլ, ինչպես խորհրդարանական քարոզարշավի ժամանակ, միայնակ է կրելու քարոզարշավի բեռը: Դահլիճի առաջին շարքում նստած ՀՀԿ-ականները ուշադիր ունկնդրում էին առաջնորդին:

Իսկ Սերժ Սարգսյանն իր խոսքը բացեց նրանով, որ իր առաջարկով մի խումբ երիտասարդների հետ պայմանավորվել են` ազատ եւ արդար ընտրություններ իրականացնել: Այդ երիտասարդների հետ նա հանդիպել էր երկու ժամ առաջ` իր քարոզարշավի մեկնարկին եւ նախընտրական հոլովակը ներկայացնելիս:

Նա եւս մեկ անգամ կրկնեց, որ երկրում քաղաքական գործընթացները ե, ընդհանրապես, մեծ պրոցեսները միայն իշխանությունների ցանկություններով չեն լինում` չժխտելով, որ թիվ մեկ պատասխանատուն մնում է իշխանությունը:

Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ ցրտաշունչ ձմռան պայմաններում առաջին նախընտրական հանդիպման ժամանակ ընտրողների հաղորդած ջերմությունն իրեն ու իր թիմին կուղեկցի հանրապետության ողջ տարածքում: Նա ընտրողներից հայցեց` նայել իր անցած ճանապարհը եւ կատարել ընտրություն: Ներկայացրեց իր նախընտրական ծրագրի որոշ դրույթներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031