«Lorinews.com մարզային լրատվական կայքի մեկնարկած «Օգնել կարող ենք ամենքս» խորագիրը կրող ծրագիրը քաղաքական ենթատեքստ չունի»,-այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Lorinews.com մարզային լրատվական կայքի խմբագիր Էդվարդ Արզումանյանը:
Նա հերքեց վերջին շրջանում ծրագրի վերաբերյալ հնչած այն խոսակցությունները, թե ծրագիրը գուցե ունի քաղաքական ենթատեքստ եւ կապված է ՀՀ նախագահի ընտրությունների հետ:
«Մեկնաբանություններ եղան, որոնցում, չգիտես ինչու, ծրագրի իրականացման մեջ որոշել էին քաղաքական ենթատեքստ փնտրել: Պարզապես, եկեք չփորձենք այս ամենին քաղաքական ենթատեքստ տալ, ծրագրի մեջ քաղաքական ենթատեքստ մի փնտրեք, սա քաղաքականության հետ որեւէ կապ չունի, սա նախագահական ընտրությունների հետ որեւէ կապ չունի, սա պարզապես ծրագիր է, որով փորձելու ենք օգնել իրապես դրա կարիքը ունեցող ընտանիքներին»,-ասում է Էդվարդ Արզումանյանը:
Ծրագրի իրականացմանը օժանդակում է ՀՀ Լոռու մարզպետարանը` մարզի անապահով ընտանիքների մասին տվյալներ տրամադրելով խմբագրությանը:
«Մենք չունենք որեւէ հովանավոր, այս պահին մեզ տեխնիկապես աջակցում է Լոռու մարզպետարանը: Եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան որեւէ կերպ օգնել ծրագրին, ընտանիքներին, մենք դրա համար միայն ուրախ եւ շնորհակալ կլինենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Lorinews.com-ի խմբագիրը` մանրամասնելով, թե ինչ սկզբունքով են առաջնորդվելու անապահով ընտանիքների տներ այցելելիս:
Կարդացեք նաև
«Ուսումնասիրությունները անելու է lorinews.com-ի թիմը օգնել ցանկացող անձանց հետ: Ընտանիքներ ենք այցելելու առանց նախնական պայմանավորվածության` պարզելու համար այդ ընտանիքի տվյալ պահի վիճակը: Թեեւ մինչ այս ծրագիրը բազմաթիվ կազմակերպություններ իրենց օգնությունն են ցուցաբերում անապահով ընտանիքներին, մենք փորձելու ենք համակարգված անել այդ օգնությունները, սա միտում ունի համակարգելու այդ ամենը: Փորձենք օգնել այս ընտանիքներին, փորձենք աջակցել, թեկուզ մեկ տաք հագուստով, մեկ գրիչով, խաղալիքով, ով ինչով կարող է ու արդյունքը, կարծում եմ, գոհացուցիչ կլինի»:
Բոլոր այն անձինք, ովքեր կցանկանան օգնել անապահով ընտանիքներին, կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ