Թե ինչպես է սկսել իր քարոզարշավի առաջին օրը ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը՝ Aravot.am-ը պարզեց նրանից. «Այսօր հարցազրույցներ եմ տվել ռադիոին, «Հ2» «Կենտրոն» հեռուստաընկերություններին եւ այլն: Ես ունեմ մինիմում եւ մաքսիմում ծրագիր, որովհետեւ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցից հետո, իմ նախընտրական ծրագիրը դարձավ երկու մասից կազմված»:
Հարությունյանի ներկայացմամբ՝ մինիմում ծրագիրը հետեւյալն է՝ օգտագործել քարոզչության բոլոր անվճար րոպեները, հարկ եղած դեպքում նաեւ վճարովի, եւ քարոզել, որ բոլոր թեկնածուները դուրս գան եւ քվեաթերթիկի վրա մնա միայն Սերժ Սարգսյանի անունը. «Իսկ նա արդեն պարտված է, եւ ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով պիտի պարտվի, այլ պարտված է հենց ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ արտագաղթով եւ այլն: Իսկ մաքսիմալ ծրագիրը հետեւյալն է՝ Սերժ Սարգսյանը եւս դուրս է գալիս եւ նոր առաջադրումներ են լինում եւ իր չառաջադրվելով ապահովում է արդար, թափանցիկ ընտրություններ, ապահովելով նաեւ՝ իր խորը ծերությունը»:
Հարությունյանը նշեց, որ կլինեն նաեւ հանդիպումներ, որի ժամանակ էլ՝ եթերային գրոհից հետո, ինքը կփորձի պատասխանել ժողովրդի մոտ առաջացած բոլոր հարցերին:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ