Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Սարգսյանի հարցազրույցի հետքերով. «Սայլը տեղից ոչ միայն չի շարժվում, այլև չի էլ ճռռում»

Հունվար 21,2013 17:45

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով այն կարծիքներին, թե ընտրությունները մրցակցային չեն, նշել էր. «Գիտեք, երբ որ ասում են, որ չկա ուժեղ մրցակից, երբ որ չկա մարդ, որ կարող է շատ ձայներ տանել, ես դրա հետ համաձայն չեմ։ Իսկ ո՞վ է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն Հրանտ Բագրատյանը, նույն Պարույր Հայրիկյանը, որոնք վաստակ ունեն եւ ճանապարհ են անցել, շատ ավելի հեշտ մրցակիցներ են, կամ ավելի քիչ փորձ ունեն բանավիճելու կամ հրապարակային խոսքի»։ Այս համատեքստում գործող նախագահը նաև շեշտել էր. «Իհարկե, նրանց համար շատ դժվար է, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների 70 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցության անդամներ են, եւ որքան էլ փորձենք ասել, որ դա իշխանական ռեսուրսի օգտագործում է, ես դրա հետ չեմ կարող համաձայնել»:

Aravot.am-ը քաղաքագետ Երվանդ Բոզոյանից հետաքրքրվեց՝ գործող նախագահի այս դիտարկումը կարելի՞ է զգուշացում համարել նախագահի թեկնածուների համար, թե ընտրվելու հույսեր չունենան: Նա պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ասել է այն, ինչ պիտի ասեր: Ինձ համար գոնե պարզ է, որ այս ընտրությունների ֆավորիտը ակնհայտ է: Բայց նաև հասկանալի է, որ իշխանությունը այդ պատկերը չի ներկայացնելու, ներկայացնելու է, թե կար լուրջ պայքար: Սերժ Սարգսյանն ուզում է  ասել, որ պատահական մարդ չի կարող դառնալ նախագահ: Այն քաղաքական ուժը, որ ուզում է հասնել հաջողության, նախ պիտի փորձի հաջողության հասնել ՏԻՄ համակարգում՝ որպես առաջին քայլ,  հետո կարողանա հայտ ներկայացնել որպես նախագահ»:

Ընդհանուր առմամբ՝ Եր. Բոզոյանը տպավորված չէ Սերժ Սարգսյանի խոսքերից: Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց. «Կարծում եմ, որ ընդհանրապես գործող նախագահի խոսքը տարբերվում է նրանով, որ նրա խոսքի մեջ որևէ լուրջ ասելիք չի լինում: Ըստ էության՝ ինքն էլ ջանք չի թափում, որ  ասելիք ունենա: Կարծում եմ՝ խոսքերը, որ նա ասում է, այնքան էլ մեծ արժեք չունեն: Ցանկացած մարդ խոսելիս նպատակային խնդիրներ է փորձում լուծել: Սերժ Սարգսյանը մյուս գործիչներից տարբերվում է նրանով, որ իր համար  խոսքի արժեքն այնքան էլ մեծ չէ: Դրա համար էլ ինքը ուշադրություն չի դարձնում իր խոսքի բովանդակությանը: Դրա համար էլ նրա խոսքը իր բովանդակությամբ առանձնապես չի տպավորում հասարակ քաղաքացիներին»:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ նշեց. «Ի վերջո դա փաստերի արձանագրություն է: Այո, տեղական իշխանության յոթանասուն տոկոսը իշխանական կուսակցությանն են պատկանում, մնացածն էլ եթե ոչ Հանրապետական, ապա Հանրապետականի հետ լիովին պատրաստակամ են գործակցելու՝ որպես մեկ միասնական բուրգի բաղկացուցիչ: Այլ հարց է, որ դա խիստ բացասական է, քանի որ գործադիր իշխանությունը, ՏԻՄ համակարգը պիտի նախ իր պարտականություններով զբաղվի, ոչ թե այլևայլ հարցերով: Ընդհանուր տպավորությամբ այդ ելույթը գնահատում եմ՝ որպես էական նահանջ այն բոլոր դրույթներից, որը բարձրաձայնվել էր Սերժ Սարգսյանի կողմից Հանրապետական կուսակցության համագումարի՝ ելույթի ժամանակ: Ավելին, չկար որևէ կոնկրետություն, փաստորեն այդ ելույթի մեջ չէր երևում քաղաքացին՝ իր շահերով, չկար պատրաստակամությունը սպասարկելու և ծառայելու այդ շահերին: Սա ցույց է տալիս, որ սայլը տեղից ոչ միայն չի շարժվում, այլև չի էլ ճռռում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031